11:26 | 24.12.21 | Նորություններ | 13292

Վիվա-ՄՏՍ-ը 10 տարի «Փարոս» երգչախմբի գլխավոր գործընկերն է

Վիվա-ՄՏՍ-ը տասը տարի շարունակ եղել է «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերը:

«Փարոսի» համահիմնադիր եւ տնօրեն Արմեն Ալավերդյանը կարեւոր է համարել Վիվա-ՄՏՍ-ի աջակցությունը: Նրա գնահատմամբ՝ «Փարոսի» գործունեությունը խրախուսելու եւ թիմին հոգեբանորեն աջակցելու պատրաստակամությունը տվել է ցանկալի արդյունք: Միայն 2011 թվականին, խմբավար Րաֆֆի Միքայէլեանի ղեկավարությամբ, «Փարոսը» 3 մրցանակ է վաստակել Բրատիսլավայում կայացած «Musica Sacra» 6-րդ միջազգային մրցույթում։ Իսկ 2014 եւ 2016թթ.-ին «Փարոսին» հաջողվել է ներկայանալ Երգչախմբերի համաշխարհային խաղերում, Հայաստանը ներկայացնել Ռիգայում (2014թ.), Սոչիում (2016թ.) եւ նվաճել 2-ական արծաթե մեդալ:

«Երբ միավորվում են կամքն ու արվեստը, փոխվում է նաեւ մտածողությունն ու խնդիրների ընկալումը: Այս մարդիկ իրենց օրինակով սովորեցնում են երբեք չկոտրվել եւ գնահատել կյանքը: Նրանք գտել են դժվարությունները հաղթահարելու իրենց ճանապարհը: Երաժշտության լեզուն դարձել է իրական փարոս: Տեւական ժամանակ հետեւում ենք խմբի հաջողություններին ու ձեռքբերումներին: Պիտի արձանագրեմ, որ ոգեւորվում ենք նաեւ մենք, երբ տեսնում ենք, որ անգամ ամենաբարդ եւ ոչ սովորական իրավիճակներում «Փարոսը» շարունակում է գործել ու անցնել հաղթանակների ճանապարհով»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: