16:53 | 21.12.21 | Նորություններ | 2487

Թումո տուփեր են բացվել Կապանում, Սեւանում եւ Վայքում

Կապանում, Սեւանում եւ Վայքում բացվել են Թումո տուփեր:

Կապանում Թումո տուփը կգործի մեկ տարի, ինչից հետո դրան կփոխարինի ամբողջական Թումո կենտրոն քաղաքի պատմական կայարանի շենքում։

Սեւանի եւ Վայքի տուփերը կկցվեն, համապատասխանաբար, Դիլիջանի եւ Եղեգնաձորի Թումո կենտրոններին։

«Համայնք առ համայնք, մենք հասնում ենք Հայաստանի եւ Արցախի բոլո՛ր պատանիներին։ Թումո Հայաստան նախաձեռնության շնորհիվ գալիք տարիներին կբացվեն բազմաթիվ կենտրոններ եւ տուփեր, եւ հենց հաջորդը կլինի Թումո տուփի բացումը Մարտակերտում 2022թ. հունվար ամսին։ Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին՝ հազարավոր պատանիների կրթական մեծ հնարավորություններ ընձեռելու համար», - ասել է Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակներում առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփեր:

Տուփերի բացումը հնարավոր դարձավ Թումո Հայաստան ծրագրին միացած բարերարների շնորհիվ:

Կապանի Թումո տուփը բացվեց Լարա Արսլանեանի, Կարապետ Պարտագճեանի, Սարին Սեմերճեանի եւ անանուն բարերարների, Վայքինը` Արմինե եւ Արա Թավիթեանների, իսկ Սեւանինը` անանուն բարերարների աջակցությամբ։