12:57 | 17.12.21 | Նորություններ | 2158

«Կումայրիից մինչեւ Գյումրի» ուղեցույցը թույլ է տալիս վիրտուալ շրջայց կատարել

Թողարկվել է «Կումայրիից մինչեւ Գյումրի» ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցը։ Էլեկտրոնային ուղեցույցը ներկայացնում է Գյումրու պատմական եւ մշակութային տեսարժան վայրերը։ Այն ներառում է եռաչափ (3D) եւ վիրտուալ իրականության (VR) ինտերակտիվ քարտեզներ՝ վերլուծության դինամիկ հնարավորություններով եւ հարակից կառույցների որոնումով:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայկական վիրտուալ համալսարանից հայտնել են, որ հարուստ տեսողական ու աուդիո բովանդակության շնորհիվ այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Գյումրիում կամ օգտագործել այն անձնական այցի ընթացքում։

Ուղեցույցում այժմ ներառված է Կումայրի պատմական թաղամասի 12 կառույց, շարքը պարբերաբար թարմացվելու եւ լրացվելու է նորերով։ ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը կարելի է ներբեռնել անվճար։ Այն հասանելի է յոթ լեզվով՝ սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների համար։

«Կումայրիից մինչեւ Գյումրի» ինտերակտիվ ուղեցույցը թողարկել են ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) եւ Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագիրը՝ Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնիհետ համագործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՀԲԸՄ հովանավորությամբ։