11:24 | 17.12.21 | Նորություններ | 8031

«Ռոստելեկոմը» նշել է այն գինը, որով ցանկանում է վաճառել GNC-Alfa-ն

Հայտնի է դարձել այն գինը, որը «Ռոստելեկոմը» ցանկանում է ստանալ իր հայկական ակտիվի՝ GNC-Alfa-ի դիմաց։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ «Ռոստելեկոմի» նախագահ Միխայիլ Օսեեւսկին ասել է, որ գինը կազմում է $25 միլիոն։

Իր խոսքով, «մենք գնորդի շարունակական փնտրտուքի մեջ ենք»։

Միաժամանակ, նշել է նա, «ներկայում մեկ հավակնող կա»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, GNC-Alfa-ն գնելու հայտ է ներկայացրել Molitro Holdings Limited ընկերությունը, որի բաժնետոմսերի 40%-ը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որի սեփականատերն է «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը։

2017 թվականից հայաստանյան Ucom օպերատորի բաժնետոմսերի 10%-ը պատկանում է «Տաշիր գրուպի» կազմի մեջ մտնող «Ֆորա-Բանկին»:

Ս.թ. նոյեմբերին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն ասել էր, որ Հայաստանի կառավարությանն անհանգստացնում է «Ռոստելեկոմ Արմենիայի» եւ Ucom-ի հնարավոր միացումը:

«Ըստ տրամաբանության՝ եթե «Ռոստելեկոմը» գնվում է այդ ընկերության կողմից, չի բացառվում, որ դա հենց «Յուքոմի» հետ դառնա մեկ ընկերություն, ու համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն, որ միասնական հանդես գան։ Այսպիսի մտավախություն կա»,- ասել էր Վահագն Խաչատրյանը։