16:54 | 22.10.21 | Նորություններ | 6011

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Գնիշիկում վայրի ծառատեսակներ են տնկվել

Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքում ծառատունկ է կատարվել:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ տնկվել է  վայրի-պտղատու շուրջ 2000 ծառ:   Ծառատեսակների ընտրությունը հետագայում կնպաստի մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հաղթահարմանը։ Ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում․փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակներում։

Մինչեւ այժմ, ծրագրի շրջանակներում տնկվել են վայրի փշատենի, տանձենի, նշենի, իսկ այս տարի, տնկիների ցանկում ավելացել է նաեւ վայրի խնձորենին։ Ծառատունկից հետո, իրականացվում է նաեւ նոր տնկված ծառերի հետագա խնամք՝ մինչեւ դրանց ավելի հասուն դառնալն ու կայուն աճ գրանցելը։  
Համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծը մեկնարկել է 2016 թվականից՝ Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Դա հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Այս տարիների ընթացքում, ծրագրի շրջանակներում ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում։

Հատուկ ընտրված՝ «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ, ընտրվել են տեղի բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում՝ դրանք հարմարեցնելով այն տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդը թույլ է տալիս  ապահովել  բույսերի բարձր կպչողականություն։ Այդպիսով,  անտառային տարածքներում կենդանական աշխարհի համար բավարար սնունդ ապահովելու միջոցով, փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաեւ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի կարգավորմանը:

«Համայնքների զարգացման հարցը եղել եւ մնում է մեր ուշադրության կենտրոնում: Այն ենթադրում է բազմաբեւեռ գործունեություն. ծառատունկից մինչեւ ենթակառուցվածքների զարգացում: Թեեւ դրանք տարբեր խնդիրներ են լուծում եւ առաջին հայացքից կապ չունեն իրար հետ, սակայն, ըստ էության, կարեւոր գործընթացի տարբեր օղակներ են եւ նույն հարցն են լուծում: Մեր նպատակը երկարաժամկետ ազդեցության ծրագրեր իրականացնելն է: Դա բխում է մեր ԿՍՊ ռազմավարությունից եւ որդեգրած արժեհամակարգից: Այն ինչ արվում է այսօր՝ արդյունք է տալու երկար տարիներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործընկերները բազմաթիվ ծրագրեր են իրականացրել Գնիշիկ բնակավայրում։ Այս տարի եւս բնակավայրի շահագործմանն է հանձնվել հակահավաք սարք եւ խոտհնձիչ։ Նոր գյուղտեխնիկան Գնիշիկի բնակիչներին հնարավորություն կտա առավել արագ եւ արդյունավետ իրականացնել գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները։