17:57 | 20.10.21 | Նորություններ | 1671

Վաղվանից կմեկնարկի «Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ը

Հոկտեմբերի 21-25-ը Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում կկայանա ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ի միջոցառումների մեկնարկը կտրվի Երեւանում՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին:

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ից միջոցառումները կշարունակվեն Ինժեներական քաղաքում (Բագրեւանդի 21/1)՝ ցուցահանդեսի բացմամբ։ Իսկ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառումը։

Շաբաթվա առաջին երեք օրերի բազմաֆորմատ միջոցառումների ընթացքում ինժեներները կներկայացնեն իրենց նվաճումներն ավտոմոբիլային, կիսահաղորդչային, ավիատիեզերական, կենսաբժշկական սարքերի արդյունաբերության, էլեկտրոնիկայի, բարձր տեխնոլոգիական արտադրության, կիբերանվտանգության, կրթական տեխնոլոգիաների, գիտության եւ այլ ոլորտներում:
 
Շաբաթվա 4-րդ եւ 5-րդ օրերին Վանաձորի եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում կկայանան նաեւ հեքըթոնների ամփոփիչ «Demo Day»-եր հետեւյալ թեմաներով․

- հոկտեմբերի 24-ին -  «Ինժեներական նորարական լուծումներ՝ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն)
- հոկտեմբերի 25-ին, «CreaTech նորարական գաղափարներ՝ Շիրակի մարզում ստեղծարար ոլորտների զարգացման համար» (Գյումրու տեխնոլոգիական կենտրոն)
 
«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» միջոցառման օրակարգին եւ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հղմամբ:

«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Գլխավոր գործընկերն է՝ PMI Science-ը, գործընկերները՝ Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Ինժեներական քաղաքը (EC), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնը (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ), Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) եւ «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնությունը։