17:00 | 20.10.21 | Նորություններ | 4843

Հայաստանի մասնակիցը հաղթել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայում

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն այսօր կազմակերպված առցանց մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները:

-    Առաջին մրցանակակիր է դարձել Ժաննա Խոջայանը` Հայաստանից:
-    Երկրորդ տեղը զբաղեցրել է Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:
-    Երրորդ մրցանակին արժանացել են՝ Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը`Եգիպտոսից, Անջելա Կոստիքը` Սերբիայից, Դեժան Գուտիկը` Բոսնիա-Հերցոգովինայից:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիան», իսկ գլխավոր գործընկերը՝ Վիվա-ՄՏՍ-ը: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը:

Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ այս տարվա մրցույթն առանձնանում էր մասնակից երկրների աշխարհագրության բազմազանությամբ՝ ներառելով ներկայացուցիչներ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիայից եւ Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից եւ Ուկրաինայից:

Օլիմպիադան իրականացվել է 2 փուլով: Առաջին փուլն անց է կացվել մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձեւով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ: Առաջին փուլին մասնակցած 436 մասնակիցներից 21-ն անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել առցանց՝ հոկտեմբերի 8-ին: 21 մրցակիցներից 6-ը Հայաստանից են, իսկ 15-ը՝ մյուս երկրներից:

«16 տարի անընդմեջ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է այս նախաձեռնությանը: Ինչու՞: Որովհետեւ ակնհայտ է, որ ՏՀՏ ոլորտում, թվայնացման համաշխարհային օրակարգի իրականացման գործում Հայաստանը մտավոր մեծ ներուժ ունի, որը դեռեւս շատ հեռու է՝ ամբողջովին իրացված լինելուց: Ուրախալի է, որ միջազգային օլիմպիադայում ոչ միայն մասնակցում, այլեւ հաղթում են մեր հայրենակիցները: Օլիմպիադան կայացել է եւ նմանօրինակ նախաձեռնությունները չափազանց կարեւոր են երկրի մրցակցային առավելության զարգացման, մեր երկրի ճանաչելիության բարձրացման, տնտեսական աճի, ինչպես նաեւ «ուղեղների արտահոսքը» կանխելու տեսանկյունից»,- ասել է Օլիմպիադայի գլխավոր գործընկեր ընկերության` Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Օլիմպիադան ընդգրկում է հետեւյալ թեմաները. թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում:

«Այն փաստը, որ Պոլիտեխնիկի հետ համատեղ իրականացվող՝ «Սինոփսիսի» կրթական ծրագրի ուսանողուհին ճանաչվել է լավագույնը աշխարհի 13 երկիր ներկայացնող 436 մասնակիցների մեջ, վկայում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մեր կրթական ծրագրերի միջազգային որակի եւ գերարդիական լինելու մասին»,- նշել է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանը: