10:09 | 20.10.21 | Նորություններ | 2419

Հայկական FoodStruct ստարտափը $400 000 ներդրում է ստացել

Հայաստանում ստեղծված FoodStruct առողջ ապրելակերպի եւ սննդի ինտերակտիվ մեդիա պլատֆորմը ներգրավել է $400.000 ներդրում՝ ամերիկյան 2420 Ventures ընկերությունից:

«Ներդրումն ուղղվելու է պլատֆորմի գիտական բժշկական բովանդակության ընդլայնմանը եւ զարգացմանը: Այն թույլ կտա ստեղծել աշխատատեղեր ոչ միայն
տեղեկատվական տեխնոլոգիաների, այլեւ բժշկական եւ կենսաբանական ոլորտում գտնվող մասնագետների համար:

FoodStruct-ն ընդլայնվելու է հիմնականում ԱՄՆ-ի շուկայում, ուր այն  մրցում է այնպիսի գիգանտների հետ, ինչպիսիք են Healthline-ը եւ WebMD-ն:

Ուշագրավ է նաեւ, որ ներդրումը կատարվել է հենց ՀՀ-ում, այսինքն՝ ընկերությունը մնացել է ՀՀ-ի իրավական եւ հարկային դաշտում եւ չի տեղափոխվել ԱՄՆ»,- հայտնում են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցից:

Foodstruct-ը առողջ ապրելակերպի եւ սննդի պլատֆորմ է, որը ամբողջովին ստեղծվել եւ զարգացել է Հայաստանում: Այն ունի ավելի քան 300 000 ամսական հաճախում, ընդ որում օգտատերերի մեծ մասը ԱՄՆ-ից են:

FoodStruct-ը հնարավորություն է տալիս՝

- հայտնաբերել սննդակարգում վիտամինների եւ միներալների պակասորդը
- գտնել սննդամքերք, որը կբավարարի բարդ սննդային կարիքները
- համեմատել սննդամթերքը առողջարարության եւ սննդարարության կոնտեքստում: