17:04 | 18.10.21 | Նորություններ | 1295
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «մենք ունենք մեծ ներուժ՝ ունենալու շատ մեծ ՏՏ ոլորտ, սակայն մենք դա դեռ չունենք»:
«Մենք շատ անելիքներ ունենք՝ հավաստիանալու, որ կենսունակ ՏՏ ոլորտ ունենք: Բոլորն այստեղ անելիքներ ունեն, այդ թվում եւ՝ կառավարությունը», - ասել է նախագահը՝ պատասխանելով հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովի մասնակիցների հարցերին:
«Կարծում եմ՝ մենք պետք է սկսենք տեսլականից: Մենք պետք է գտնենք այն հարցի պատասխանը, թե՝ իսկապես ցանկանու՞մ ենք Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր: Մենք պետք է լրջորեն մտածենք, որ նոր տեխնոլոգիաներն առաջ շարժվելու ճանապարհն են ստեղծում: Այն պահին, երբ մենք դա գիտակցենք, տեսլական կունենանք:
Երբ սկսում ես առաջ շարժվել, պետք է հիշես, որ աշխարհը շատ արագ է, այն մշտապես փոփոխվում է: Մենք պետք է հստակ հասկանանք, թե որտեղ ենք և որտեղ ենք ցանկանում լինել 2045 կամ 2050 թվականին: Այդ ամենը ձևավորելու համար պետք է հասկանաս, թե ինչպիսին է աշխարհը լինելու ապագայում: Մենք պետք է մտածենք, թե ինչպիսին է աշխարհը լինելու 10 տարվա կտրվածքով, ինչպիսին է լինելու համաշխարհային շուկան», - ասել է Արմեն Սարգսյանը: