Եվգենի Գոլանդը
Եվգենի Գոլանդը
17:36 | 25.05.21 | Հարցազրույցներ | exclusive 53798
Եվգենի Գոլանդը Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերության հիմնադիրն է եւ նախագահը:
1997թ. ստեղծված ընկերությունն այժմ ներկայացված է ավելի քան 10-ը երկրում, այդ թվում՝ Հայաստանում:
DataArt-ի գործունեության ողջ ընթացքում Եվգենին հանդիսացել եւ շարունակում է հանդես գալ որպես ընկերության ռազմավարական պլանավորման, զարգացման եւ գլոբալ կառավարման պատասխանատու:
Itel.am-ը զրուցել է այս օրերին Երեւանում գտնվող Եվգենի Գոլանդի հետ:
- DataArt-ի երեւանյան գրասենյակը գործում է արդեն երկու տարի: Ինչպե՞ս եք գնահատում այս ձեռքբերումները եւ որո՞նք են ապագայի ծրագրերը:
- Հայաստանյան գրասենյակը մեր ամենաարագ զարգացող գրասենյակներից է: Մենք շատ գոհ ենք երեւանյան գրասենյակի հետ կապված մեր որոշումներից՝ թե բացման ժամանակահատվածի, թե մեր ծրագրերին համապատասխանության առումով:
Արդեն Այսօր Հայաստանում ունենք ավելի քան 100 աշխատակից: Զարգացման մեծ ծրագրեր ունենք այստեղ: Մի կողմից, կորոնավիրուսի համավարակի պատճառով շատերը տանից էին աշխատում, եւ դժվար էր նոր մասնագետների աշխատանքի ընդունել եւ թիմում ինտեգրել: Մյուս կողմից՝ կրկին համավարակի պատճառով աճեցին ծրագրային ապահովման պրոդուկտների պահանջարկը եւ շուկան: Երբ պահանջարկը մեծ է, ավելի հեշտ է զարգանալ:
- DataArt-ը մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում: Ինչո՞վ է տարբերվում հայաստանյան գրասենյակը:
- DataArt-ը մարդակենտրոն ընկերություն է, մեր գլխավոր արժեքը մարդիկ են: Հայաստանում մեզ համար հեշտ է աշխատել, քանի որ հայկական մշակույթը եւ տեղացի մասնագետների արժեքները համընկնում են մեր ոճի, տեսլականի հետ: DataArt-ի թիմում ինտեգրումը շատ հեշտ է անցնում, քանի որ մեզ միացող մարդկանց արժեհամակարգերը հիմնականում համընկնում են:
Մեր ընկերությունը բավական արագ է աճում եւ մենք միշտ փնտրում ենք նոր հնարավորություններ: Մեր ցանցին միանում են մարդիկ, որոնց համարում ենք ճիշտ թեկնածու գրասենյակ բացելու համար: Երեւանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը մեր ցանցում հայտնվել էր բավականին վաղուց: Երբ երեւանյան մասնաճյուղի բացման ժամանակը եկավ, արդեն ճանաչում էինք Արսենին: Այնպես որ, գրասենյակների բացման գործընթացը մեզ մոտ օրգանական հունով է ընթանում՝ չենք պլանավորում, որ, օրինակ, երկու տարի անց գրասենյակ ենք բացելու այստեղ կամ այնտեղ:
- Հայաստանի մարզերում գրասենյակներ բացելու ծրագրեր կա՞ն:
- DataArt-ը գնալով ավելի միջազգային ընկերություն է դառնում: Մենք արդեն գրասենյակներ ունենք 10 երկրներում եւ հավակնում ենք գլոբալ խաղացողի կարգավիճակին: Կարծում եմ, ժամանակի հարց է, թե երբ մեծ խաղացողները ներկայացված կլինեն այն բոլոր վայրերում, որտեղ ինժեներներ կան: Հստակ ծրագրեր ու ժամանակացույց չունենք, բայց, անշուշտ, փնտրելու ենք հնարավորություններ՝ համագործակցելու մասնագետների հետ նաեւ Երեւանից դուրս:
- Հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ ահազանգում են մասնագետների պակասի մասին: Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը եւ արդյո՞ք DataArt-ը նախատեսում է հանդես գալ կրթական ծրագրերով կամ նախաձեռնություններով:
- Այո, ոլորտում այդպիսի խնդիր կա: Պահանջարկը մեծ է, մրցակցությունն էլ ուժեղ: Մենք փորձում ենք աշխատել ամենահետաքրքիր հաճախորդների եւ ամենալավ մասնագետներին ներգրավվել:
Եվգենի Գոլանդը