11:06 | 19.03.21 | Հոդվածներ | exclusive 17883

Luseen Mobile՝ Գավառի IT երիտասարդության լուսավոր կետը

«Ինչպես լուսնի վրա՝ երկիր մոլորակից շատ հեռու, այնպես էլ Գավառում՝ մայրաքաղաքից հեռու, կարելի է ծավալել գործունեություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում»: Այս մոտեցմամբ առաջնորդվելով տարիներ առաջ 3 ընկերներ իրենց հարազատ Գավառում որոշում են հիմնել Luseen Mobile ընկերությունը:

Itel.am-ը զրուցել է ընկերության համահիմնադիրներ Վարազդատ Ավետիսյանի եւ Արտակ Դռնոյանի հետ՝ ընկերության պատմության եւ մարզային IT կենտրոնի մարտահրավերների մասին:

Դեպի երազանք

Տարիներ առաջ ծնունդով Գավառի տարածաշրջանից երեք ընկերներ՝ Արմեն Խաչատրյանը, Վարազդատ Ավետիսյանը եւ Արտակ Դռնոյանը համախմբվում են նույն գաղափարի շուրջ, այն է՝ իրենց ծննդավայրում վերահիմնադրել բարձր տեխնոլոգիաների ոլորտը:

«Տարբեր միջոցառումների եւ կրթական ծրագրերի մասնակցելով՝ մեզ համար ակնհայտ դարձավ մեր տարածաշրջանի տեխնոլոգիական պոտենցիալը, քանի որ այստեղի պատանիներն աչքի են ընկնում մաթեմատիկական մտածողությամբ: Սա նախադրյալ դարձավ, որպեսզի մշակենք ճանապարհային քարտեզ մեր վաղեմի երազանքի համար: Մնում էր հասկանալ՝ ինչից սկսել»,- հիշում է Luseen Mobile ընկերության տեխնիկական տնօրեն Վարազդատ Ավետիսյանը:

Վարազդատ Ավետիսյանը Վարազդատ Ավետիսյանը
photo © Մեդիամաքս



Ընկերները որոշում են նախաձեռնել 6-ամսյա դասընթացներ՝ նպատակ ունենալով վերջնարդյունքում լավագույններից ձեւավորել մի խումբ, որը կտիրապետի ծրագրային ապահովման ոլորտի հմտությունների ու կկարողանա ստեղծել ծրագրային արտադրանք: Այսպես էլ 2015 թվականին ստեղծվում է Luseen Mobile ընկերությունը, որի 6 անդամից բաղկացած թիմն անմիջապես անցնում է սեփական նախագծերի իրականացմանը:

Առաջին պատվիրատուն

Սկսնակ ընկերությանը, նախ եւ առաջ, անհրաժեշտ էր պորտֆոլիո ձեւավորել, որպեսզի հետագայում կարողանային պատվիրատուների համար գրավիչ դառնալ: Ընկերության առաջին նախագծերից էին Dram Today եւ Zvartnots հավելվածները:

Պատվերով նախագծերը եւս շատ սպասեցնել չտվեցին. ընկերությունը նոր էր մեկ տարեկան դարձել, երբ հանձն առավ իրականացնել Yerevan Events մոբայլ հավելվածի ստեղծումը:  

photo © Մեդիամաքս


«Քանի որ դա մեր առաջին պատվերն էր, դեռեւս հմուտ չէինք պատվերը ճիշտ ընդունելու եւ հաճախորդի հետ ճիշտ աշխատելու հարցերում: Չգիտեինք՝ ինչ հարցեր պետք է տանք պատվիրատուին, որպեսզի լիարժեք պատկերացում կազմենք ստեղծվելիք հավելվածի մասին: Ի ուրախություն մեզ, պատվիրատուն շատ լավ անձնավորություն էր, հասկանում էր մեզ: Այդպես 5-6 ամիս աշխատելով՝ ստեղծեցինք հավելվածը: Մինչ այժմ էլ շարունակում ենք իրականացնել հավելվածի տեխնիկական սպասարկումը, ինչը լավագույնս ցույց է տալիս այն, որ պատվիրատուին գոհացրել է մեր աշխատանքը»,- պատմում է ընկերության գործադիր տնօրեն Արտակ Դռնոյանը:


Գավառում շատ դժվար էր նաեւ գրասենյակային տարածք գտնելը: Այդ պատճառով էլ վարձակալեցին սեփական տուն, որի սենյակները դարձրին լսարաններ եւ աշխատասենյակներ: Վարազդատի խոսքով՝ մի կողմից տպավորություն է, թե տանն ես աշխատում, մյուս կողմից էլ այստեղ չեն գա աշխատելու այն մարդիկ, որոնք միշտ հարմարավետության են ձգտում՝ սեփականը ստեղծելու փոխարեն:

Արտակ Դռնոյանը Արտակ Դռնոյանը
photo © Մեդիամաքս


Ստարտափից՝ կայուն բիզնես

Հիմնադիրները, հիշելով իրենց առաջին աշխատանքները, մեծ առաջընթաց են նկատում: Եթե նախկինում մեկ փոքր դետալ մշակելու համար աշխատակիցներից կարող էր մի քանի օր պահանջվել, ապա այժմ նույն աշխատանքը կարող է ընդամենը 5 րոպե խլել:

«Երբ վերլուծում ենք ընկերության պատմությունն ու բիզնես գործընթացները, շատ լավ հասկանում ենք նաեւ մեր սխալները: Սկզբում ստարտափային վիճակ էր, մարտահրավերները գաղափարի շուրջ թիմ հավաքելն ու պորտֆոլիո ստեղծելն էին: Այժմ այդ փուլից դարձել ենք բիզնես, որտեղ համակարգը ատամնանիվների նման աշխատում է: Հիմա մեր մարտահրավերն է մշակել ճիշտ ռազմավարություն, որը կազմակերպությանը կտանի կայուն զարգացման»,- մանրամասնում է Վարազդատ Ավետիսյանը:

photo © Մեդիամաքս


«Ուղեղների հոսք»՝ մարզից Երեւան

Ընկերության գործունեության այս փուլում եւս դժվարությունները քիչ չեն: Դրանք հիմնականում կապված են տարածաշրջանից կադրերի ներգրավման հետ, որն ընկերության համար նոր մարտահրավեր է դառնում նվազող ժողովրդագրական ցուցանիշի ֆոնին:

«Սոցիալական պայմաններից ելնելով՝ մարզում գնալով պակասում են ընտանիքները, հիմնականում տեղափոխվում են մայրաքաղաք: Որպեսզի կարողանանք նոր աշխատող ներգրավվել, հիմնականում պետք է իրեն 0-ից սովորեցնենք: Համագործակցում ենք նաեւ Գավառի պետական համալսարանի հետ՝ օգնելով ուսանողներին պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել հենց Luseen-ում: Փորձում ենք լուսավոր կետ դառնալ երիտասարդության համար՝ ձգտելով կանգնեցնել «ուղեղների հոսքը» մարզից դեպի մայրաքաղաք»,- պատմում է Վարազդատը:


Արտակի խոսքով էլ, երիտասարդները դժվարությամբ են տարածաշրջանում ապագա տեսնում, կարծում են՝ լավ մասնագետ չեն կարող դառնալ ու ձգտում են գնալ Երեւան:

photo © Մեդիամաքս


«Մենք փորձում ենք հասնել նրան, որ մարդիկ հնարավորություն ունենան մնալ իրենց ծննդավայրում եւ աշխատել նույնքան գումար, որքան կաշխատեին Երեւանում, կամ գուցե ավելի շատ: Մարդկանց գիտակցության մեջ հեշտ չէ միանգամից արմատավորել այն գաղափարը, որ կապ չունի, թե դու որտեղ ես գտնվում՝ Գավառում, Գորիսում, թե Երեւանում, դու կարող ես գիտելիքդ վերածել գումարի՝ միայն համակարգիչ ու համացանցային կապ ունենալով: Մեր օրինակն արդեն իսկ համոզիչ է»,- կարծում է Արտակը:

Նույն նպատակին է ուղղված նաեւ Luseen-ի հասարակական գործունեությունը, որի շրջանակում ընկերությունը կազմակերպում է համայնքային հանդիպումներ, ՏՏ ֆորումներ, քննարկումներ, տարբեր ՏՏ ոլորտի կառույցների ներկայացուցիչների փոխայցելություններ:

photo © Մեդիամաքս


 «Դեռեւս դպրոցական տարիքից երեխաները պետք է իրենց ապագան տեսնեն մարզում, հասկանան, որ դպրոցահասակ տարիքում կարող են ոչ ֆորմալ կրթություն ստանալ, օրինակ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հաճախելով: Այնուհետեւ, բարձրագույն մասնագիտական կրթությանը զուգահեռ՝ պրակտիկա անցնել ու աշխատել, օրինակ, Luseen-ում: Այս կերպ փորձում ենք որոշակիորեն լուծել խնդիրը, սակայն ժողովրդագրական ցուցանիշները դեռեւս այնպիսին չեն, որպեսզի կարողանայինք ասել՝ խնդիրը լուծված է»,- ասում է Վարազդատը:

Առանց աշխարհագրական սահմանների

Luseen Mobile-ն արդեն ունեցել է մի քանի միջազգային պատվերներ՝ Ռուսաստանից, Չինաստանից եւ Գերմանիայից: Մշակել է տաքսիների համար նախատեսված մի հավելված գերմանական Ռոստոկ քաղաքի համար, որն այժմ գտնվում է թեստավորման փուլում:

photo © Մեդիամաքս


«Պատվիրատուն շատ ուրախացավ, երբ իմացավ, որ ընկերությունը Գավառում է: Նա նախընտրեց հենց մեզ դիմել, այլ ոչ երեւանյան որեւէ ընկերության: Սա մեր առաջին միջազգային պատվերն էր, որի պատրաստումը բավականին նպաստեց թիմի մասնագիտական աճին ու նոր փորձառություն բերեց»,- նշում է Արտակը:

Թեստավորման փուլի հաջող ավարտից հետո ընկերությունն ավելի մանրամասն կներկայացնի ստեղծված հավելվածը: Չինաստանի համար պատրաստված հավելվածն էլ դեռեւս շուկա չի մտել, սակայն նախատիպն արդեն արվել է:

Տեխնոլոգիական կենտրոն՝ Գավառում

Luseen-ի կազմակերպած ծրագրավորման տարբեր դասընթացներն արդեն ունեցել են շուրջ 140 մասնակիցներ: Այժմ էլ համագործակցելով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ. «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակներում ընկերությունը կազմակերպում է ծրագրավորման հեռավար դասընթացներ։

photo © Մեդիամաքս


Ընկերությունում փորձում են միջոցներ գտնել դասընթացներն անվճար կազմակերպելու համար, սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է: Այնուամենայնիվ, որեւէ երիտասարդի մեջ մեծ պոտենցիալ տեսնելու դեպքում՝ Luseen-ում միշտ պատրաստ են սովորեցնել ու թիմ ընդունել: Այժմ ընկերության 10 հոգանոց թիմը բաղկացած է iOS, Android, Backend ծրագրավորողներից, ինչպես նաեւ project manager, software architect եւ UI/UX  designer մասնագետներից:

«Առաջիկա 4 տարվա ծրագրով նախատեսում ենք ընկերության թիմը մեծացնել 4-5 անգամ, ինչպես նաեւ ընդլայնել մեր գործունեությունը տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության ուղղությամբ: Մեր նվիրական երազանքն է Luseen-ի հիմքով Գավառում ստեղծել տեխնոլոգիական կենտրոն»,-ամփոփում է Արտակը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի