11:24 | 06.03.18 | Հոդվածներ | exclusive 27258

«Շտեմարան»-ը կօգնի նախապատրաստվել քննություններին

Luseen Mobile ընկերությունը գործարկել է «Շտեմարան» հավելվածը, որը թույլ է տալիս նախապատրաստվել «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի պետական ավարտական եւ միասնական քննություններին, ցանկացած պահին եւ ցանկացած վայրում ստուգել գիտելիքների մակարդակը:

Անվճար հավելվածը հասանելի է Google Play-ում եւ AppStore-ում:

2500 ներբեռնում ունեցող հավելվածի թեստային առաջադրանքների բազան ներառում է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» շտեմարանի 4 գրքերի հարցերը, որոնք մուտքագրվել են հրապարկված թեստային հարցերի հիման վրա։

Itel.am-ի հետ զրույցում Luseen Technologies ընկերության համահիմնադիր Վարազդատ Ավետիսյանը նշել է, որ հավելվածը ուսուցման յուրօրինակ էլեկտրոնային վարժասարք- գործիք է:

«Հավելվածը մշակվել է 4 ամսվա ընթացքում: Այն հնարավորություն է տալիս թեստային հարցերի պատասխանների վերաբերյալ ստացվող վիճակագրության հիման վրա իրականացնել թեստի որակական ցուցանիշների գնահատում, ինչն իր հերթին կարող է օգնել թեստ կազմողներին թեստերի վերանայման եւ լրամշակման աշխատանքներում։ Ստացված վիճակագրական տվյալների հիման վրա նախատեսվում է մշակել մեքենայական ուսուցման որոշ ալգորիթմներ, որոնք կմոդելավորեն սովորողի վարքագիծը, եւ կառաջարկեն «խելացի» լուծումներ՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը»,- ընդգծել է նա:

Luseen Mobile ընկերությունը հիմնադրվել է Արմեն Խաչատրյանի, Վարազդատ Ավետիսյանի եւ Արտակ Դռնոյանի կողմից 2015թ.։ Թիմում աշխատում են միեւնույն գաղափարի շուրջ համախմբված 10 երիտասարդ ծրագրավորողներ, դիզայներ, նախագծերի ղեկավարներ։ Luseen Mobile-ն ունի թողարկած մի շարք սեփական գաղափարային հավելվածներ՝ «Զվարթնոց», Dram Today, LuseeNet, Profi4.me: