Softr-ի հիմնադիրներ Մարիամ Հակոբյանն ու Արթուր Մկրտչյանը
14:14 | 11.02.21 | Հոդվածներ | exclusive 62991
Softr-ը հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում եւ առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր եւ վեբ հավելվածներ՝ որպես տվյալների բազա օգտագործելով Airtable պլատֆորմը:
Վերջերս $2.2 մլն սաղմնային ներդրում ստացած (ներդրումային շրջափուլը գլխավորում է Atlantic Labs-ը՝ Philipp Moehring (Tiny.VC)-ի հետ համատեղ) ստարտափի հիմնադիրներն են Բեռլինում բնակվող Մարիամ Հակոբյանն ու Արթուր Մկրտչյանը: Ստարտափի հիմնական թիմը (ծրագրավորողներ, դիզայներներ եւ այլն) գտնվում է Հայաստանում։
Itel.am-ը զրուցել է հարթակի համահիմնադիր Արթուր Մկրտչյանի հետ:
Softr-ը հեշտացնում է բիզնեսների առօրյան
«Մեր հիմնական նպատակն է թույլ տալ ՏՏ ոլորտից դուրս գտնվող բիզնեսների հիմնադիրներին եւ այլոց, արագ եւ մատչելի փորձարկել իրենց գաղափարները, ավտոմատացնել բիզնեսը եւ այլն։ Ընդհանուր առմամբ, փորձում ենք նպաստել, որ տարատեսակ ծրագրերի ստեղծման գործընթացն ավելի հասանելի ու ներառական դառնա»,- նշում է Արթուրը:
Նրա խոսքով, Softr-ի առավելությունն այն է, որ հարթակին տիրապետելու ընթացքը առավելագույնս հեշտ ու արագ է:
«Ցանկանում ենք, որ հարթակի օգտատերերը կարողանան իրենց պատկերացրածն իրականացնել մեր տրամադրած միջոցներով, առանց այլ տեխնոլոգիաների օգնության, որքանով որ դա հնարավոր է։ Շատ այլ մրցակիցներ ունեն բավականին բարձր մուտքի շեմ եւ չափից շատ են կախված այլ միջանկյալ գործիքներից (հիմնականում՝ վճարովի), ինչը զգալիորեն բարդացնում է օգտագործողի կյանքը եւ պահանջում հավելյալ ֆինանսական ներդրումներ»,- ընդգծում է Softr-ի համահիմնադիրը:
Վերջերս ստացած ներդրման եւ ծրագրերի մասին
Արթուրի խոսքով, չնայած նրան, որ արդեն ունեն որոշ արդյունքներ, սակայն սա դեռ սկիզբն է, եւ ստացված ներդրումն օգտագործելու են պրոդուկտը զարգացնելու եւ կատարելագործելու նպատակով, որն իր հերթին ենթադրում է թիմի ընդլայնում։
«Նախատեսում ենք ներգրավել նոր բարձրակարգ մասնագետների, որոնք նաեւ իրենց հետ կբերեն թարմ ու հետաքրքիր գաղափարներ: Ծրագրեր ունենք Հայաստանում լիարժեք, բազմապրոֆիլ թիմ ձեւավորել, որը կներառի ծրագրավորողների, դիզայներների, մենեջերների, մարքեթինգի մասնագետների եւ այլոց։ Սակայն չի բացառվում, որ առաջիկայում լինեն այլ հետաքրքիր ծրագրեր եւ համագործակցության տարբերակներ:
Նաեւ նախատեսում ենք Softr-ը դարձնել ավելի հարմարավետ ու ավելի մեծ հնարավորություններով գործիք, որը մեզ նաեւ կօգնի գրավել նոր հաճախորդներ ու էլ ավելի շատ մարդու թույլ կտա Softr-ի միջոցով արժեք ստեղծել»,- նշում է նա:
Հայաստանի տեխնոլոգիական զարգացման Softr-ի տեսլականը
Արթուր Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանին ավելի շատ սեփական պրոդուկտներ են պետք տեխնոլոգիական ոլորտում, քանի որ ներկայումս այդ դաշտում աշխատող մասնագետների ու թիմերի մեծ մասը զբաղված է արտերկրից տրվող պատվերների իրագործմամբ (ինչը, նրա խոսքով, եւս վատ չէ ու ստեղծում է մեծ քանակով աշխատատեղեր)։
«Կարծում եմ Հայաստանն ունի այդ ներուժը, բայց այն իրագործելու համար, իհարկե, պետք է միջավայր, պետք են ներդրումներ, կրթության ու գիտության ոլորտի բարեփոխումներ եւ այլ համակարգային փոփոխություններ։ Բացի այդ, ծրագրավորմանը զուգահեռ անհրաժեշտ է զարգացնել մարքեթինգը, բիզնեսի կառավարումը, դիզայնը եւ այլ ոլորտներ, քանի որ հաջողակ պրոդուկտ ստանալու համար կարեւոր են այդ բոլոր ասպեկտները եւ ոչ միայն բուն ծրագրային կոդը»,- ընդգծում է նա:
Արթուրը նշում է, որ կցանկանար Հայաստանը տեսնել ոչ միայն որպես լոկ outsource-ի երկիր, այլ սեփական հետաքրքիր պրոդուկտներ, տեխնոլոգիաներ եւ գաղափարներ ստեղծող միավոր։
«Կարծես թե վերջին տարիներին այդ առումով դրական տեղաշարժ կա եւ Հայաստանում մեծ թվով հետաքրքիր ստարտափներ են ստեղծվում, սակայն դեռ շատ բան կա անելու՝ ընդհանուր պատկերի մասով։ Հույս ունեմ, որ Softr-ը եւս իր փոքրիկ ներդրումն ունի այս գործում եւ կարող է ծառայել որպես դրական օրինակ՝ ոգեշնչելով մյուսներին»,- հավելում է նա:
Արթուր Մկրտչյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը