14:28 | 30.12.20 | Հոդվածներ | exclusive 38618

DataArt Armenia-ն 2020-ը ճանապարհել է՝ կիսվելով բարությամբ եւ դասեր քաղած

DataArt Armenia ընկերությունը 2020 թվականը ճանապարհել է՝ քաղելով տարվա մատուցած դժվար դասերն ու վերաիմաստավորելով կյանքը, հարաբերություններն ու աշխատանքը:

«Շատ տարբեր իրադարձություններ տեղի ունեցան: Ես հիշում եմ, որ երբ այս տարի թիմով կարողացանք մեկ անգամ վերջապես հավաքվել, բոլորս կիսվում էինք մեր տպավորություններով, թե ինչ տվեց մեզ կորոնավիրուսային տարին, կարանտինը, ինչն էր վատ, ինչը՝ լավ, բոլորը միահամուռ ասում էին, որ շատ կարոտում են մարդկային շփումը, ջերմ հարաբերությունները եւ գրասենյակային միջավայրը»,- Itel.am-ին պատմել է DataArt Armenia-ի HR տնօրեն Իշխան Մարգարյանը:

Ընկերության աշխատակիցներն այս տարվա ընթացքում սովորել են գնահատել այն ամենը, ինչ տրված է իրենց եւ մինչ կորոնավիրուսը սովորական առօրյա էր համարվում՝ ընկերների հետ ինչ-որ տեղ գնալ, ուրբաթ երեկո նշել, պատշգամբում մեկ բաժակ սուրճ խմել:

Իշխան Մարգարյանը եւ Արսեն Բաղդասարյանը Իշխան Մարգարյանը եւ Արսեն Բաղդասարյանը
photo © Մեդիամաքս


«Սովորեցրեց գնահատել ժամանակը եւ որտեղ ենք այն օգտագործում: Տվեց այն ուղերձը, որ պետք չէ ժամանակն ուղղակի օգտագործել, պետք է այն արդյունավետ ներդնել կարեւոր նպատակների մեջ: Այս տարին մեզ հիշեցրեց, որ պետք է լինել բարի ու կիսվել այդ բարությամբ: 2020-ը մեզ էլ ավելի մոտեցրեց մեր ընտանիքներին, ջերմություն տվեց: Մարդիկ սկսեցին վերաիմաստավորել ընտանիքի հետ անցկացրած ժամանակը, հասկացան, որ կարոտել էին ամենապարզ բաները՝ ընտանիքի հետ նախաճաշելուն կամ ընթրելուն: Այս տարի, քաղելով 2020-ի դասերը, որոշեցինք, որ միանշանակ չենք ուզում տարեվերջյան կորպորատիվ հավաքներ կազմակերպել, «Secret Santa» խաղալ, այլ ուզում ենք կիսվել մեր բարությամբ այն երեխաների հետ, ովքեր զրկված են ընտանեկան ջերմությունից: Պարզապես կապ հաստատեցինք Նոր Նորքի «Մանկան Տուն» մանկատան հետ, պատմեցինք մեր նախաձեռնության մասին, իսկ նրանք սիրով համաձայնեցին»,- պատմել է Իշխան Մարգարյանը:

photo © Մեդիամաքս


DataArt Armenia-ն խնդրել է երեխաների՝ Ձմեռ պապին ուղղված նամակներն իրենց փոխանցել եւ փոքրիքների խնդրած նվերներն է գնել նրանց համար այն բյուջեով, որը հատկացվելու էր ամանորյա կորպորատիվ միջոցառմանը։ Ավելին, DataArt Armenia-ի աշխատակիցները իրենք նախաձեռնությամբ գնել էին նոր նվերներ երեխաների համար արդեն իրենց կողմից։

«Նամակները կարդալու եւ երեխաների խնդրած նվերները գնելու պրոցեսը շատ հետաքրքիր, բայց միեւնույն ժամանակ նաեւ հուզիչ էր, այն մեզ տարավ մանկություն եւ էլ ավելի յուրահատուկ դարձրեց այս ամբողջ նախաձեռնությունը, մեզ ավելի շատ ուժ տվեց»,- ասել է DataArt Armenia-ի HR տնօրենը:

photo © Մեդիամաքս


Ընկերության աշխատակիցները կորպորատիվ միջոցառման փոխարեն հավաքվել են գրասենյակում, տեսակավորել եւ փաթեթավորել երեխաների համար գնված նվերները:

«Բաժանվեցինք թիմերի եւ սկսեցինք փաթեթավորել նվերները, ինչի արդյունքում հետաքրքիր ու նաեւ հուզիչ «թիմ բիլդինգ» ստացվեց: Այսպես սիմվոլիկ՝ բարությամբ ճանապարհեցինք 2020-ը՝ տարվան նաեւ ուղերձ տալով, որ դասերը քաղված են: Կարծում եմ, որ DataArt Armenia-ի համար բարությամբ կիսվելը կդառնա ավանդույթ, որը կփորձենք շարունակել հաջորդ տարիներին:

photo © Մեդիամաքս


Սա նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսակ է, որը միջազգային DataArt-ի պրակտիկայում կա ավելի քան 20 տարի, և մենք մեր տարբերակն ենք իրագործում արդեն Հայաստանում: Կարծում եմ, որ 2021 թվականին դեռ շատ կլսեք DataArt Armenia-ի կողմից նման նախագծերի մասին, որովհետեւ ունենք հետաքրքիր գաղափարներ, որոնք միտված կլինեն հասարակությանը դրական ներդրում ունենալուն»,- ասել է Իշխան Մարգարյանը: