11:20 | 08.12.20 | Հոդվածներ | exclusive 80394

Կինոդարան. «Հայկական Netflix»-ն անվճար կցուցադրի բարձրորակ վիդեո բովանդակություն

Վերջերս գործարկված Կինոդարան հայկական սթրիմինգ ծառայությունն առցանց կինոթատրոն է,  որը հնարավորություն է տալիս լավ որակով անվճար դիտել ֆիլմեր, սերիալներ ու ոչ միայն:

Կինոդարանը ստեղծվել է Advanced Tech ընկերության կողմից։ Ստարտափի համահիմնադիր Վահե Ամիրաղյանը Itel.am-ին պատմել է, որ հետագայում հարթակում կավելացվի նաեւ մանկական ու վավերագրական քոնթենթ, ինչպես նաեւ արտասահմանյան ֆիլմեր:
 
«Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ տարվում են։ Մի խոսքով, Կինոդարանը, ինչ-որ առումով, նման է հանրահայտ Նեթֆլիքսին, որը, սակայն, առաջնային ուղղված է լինելու հայկական վիզուալ քոնթենթը առցանց ու բարձր որակով հասանելի դարձնելուն»,- ընդգծում է Վահե Ամիրաղյանը:

Կինոդարանի բետա տարբերակը հասանելի է iOS սարքերի համար: Android-ի եւ Apple TV-ի համար հարթակը հասանելի կդառնա մինչեւ տոները։

«Հավելվածը հնարավոր է ներբեռնել հեռախոսի մեջ եւ դիտել ֆիլմեր։ Բացի դա, մենք ներկայում աշխատում ենք այնպիսի լուծումների վրա, որոնք թույլ կտան օգտվել Կինոդարանից ցանկացած սարքի միջոցով՝ այսինքն համակարգիչներով՝ բրաուզերների միջոցով, Apple TV-ով ու սմարթ-հեռուստացույցերով եւ այլն»,- նշում է Վահե Ամիրաղյանը:


Ստարտափի համահիմնադրի խոսքով, Կինոդարանն ունենալու է այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեն միջազգային սթրիմինգ ծառայությունները՝ որոնել ու ընտրել ֆիլմերը, շարունակել դիտումն ընդհատված պահից, օգտահաշիվների միջոցով պահպանել տվյալները սարքից սարք անցնելուց եւ այլն։

Վահե Ամիրաղյանի խոսքով, հարթակի առաջնային նպատակը հայկական կինո քոնթենթը հասանելի դարձնելն է։

«Ընդհանրապես, ոլորտի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ֆիլմերի արտադրությունը ոչ միշտ է բերում եկամուտներ, այն իմաստով, որ Հայաստանում ֆիլմ նկարելուց հետո շատ դժվար է այն վաճառելը, հետեւաբար՝ նաեւ լայն լսարանին հասցնելը։ Դրա պատճառները շատ են՝ ուժեղ մրցակցություն արտասահմանյան ֆիլմերի հետ, սակավաթիվ կինոթատրոններ եւ այլն։ Ընդհանրապես, ինչպես ցույց տվեց նաեւ այս տարվա չարաբաստիկ պանդեմիան, կինոթատրոնների մշակույթը որոշակի անկում է ապրում, եւ նույն համաշխարհային կինոյում ավելի ու ավելի մեծ կշիռ են ստանում հենց սթրիմինգային ծառայությունները»:

Նա նշում է, որ ներկայում Հայաստանում կա շուրջ 50 ֆիլմ, որոնք դեռ չեն հրապարակվել-ցուցադրվել, եւ իրենց առաջնային նպատակն է այդ ֆիլմերի տարածմանը նպաստելը, այդ թվում՝ Սփյուռքում։

«Ի դեպ, մեր ուսումնասիրությունները վկայում են, որ Սփյուռքում իրոք հայաստանյան ֆիլմերի պահանջարկ կա։ Ի դեպ, նույն Սփյուռքում էլ է ստեղծվում հայկական կինո, որն արդեն հասանելի կարող է դառնալ Հայաստանում։ Բացի դա, հարկ է նշել նաեւ, որ մենք ապահովում ենք մեզ մոտ հրապարակվող քոնթենթի անվտանգությունը (DRM)՝ հեղինակային իրավունքների եւ, այսպես ասած, ցանցահենության տեսանկյունից»:

Վահե Ամիրաղյանը նշում է, որ հավելվածի լսարանն այն բոլոր մարդիկ են, որոնք ունեն համապատասխան սարքեր եւ ցանկություններ։

«Կինոդարանն ունի մանկական բաժին, որտեղ տեղ է գտնելու որակյալ վիզուալ բովանդակություն հայերենով՝ մուլտեր, ֆիլմեր եւ կրթական ծրագրեր։ Բնականաբար, շնորհիվ վերը նկարագրված հնարավորությունների՝ որոնում, ֆիլտրեր, ամեն մարդ կկարողանա գտնել այնպիսի ֆիլմեր, որոնք իրեն դուր կգան»,- նշում է նա:

Ստարտափի թիմը ներկայում աշխատում է Կինոդարանն ավելի ու ավելի շատ հարթակների ու սարքերի միջոցով տարածելու ուղղությամբ։

«Բնականաբար, կա անսահման դաշտ հենց բուն սթրիմինգային ծառայությունը եւ հավելվածը կատարելագործելու ուղղությամբ եւ այդտեղ մենք եւս ունենք շատ ծրագրեր ու աշխատում ենք։ Մենք որոշակի բանակցություններ եւ քննարկումներ ենք ունենում կինոաշխարհի ներկայացուցիչների հետ, ու կան արդեն որոշակի մտքեր սեփական բովանդակությունը ստեղծելու վերաբերյալ»,- հավելում է Վահե Ամիրաղյանը:  

Նարինե Դանեղյան