16:49 | 09.09.20 | Հոդվածներ | exclusive 44967

Safe you հավելվածը՝ բռնության դեմ պայքարի գործիք

Հայկական Safe You հավելվածը փորձում է առաջարկել սեռով պայմանավորված բռնության կանխարգելման համակարգային լուծում: Դրա հիմնական նշանակությունն է վտանգի պահին ծառայել որպես օգնության գործիք։

Հավելվածի մասին զրուցել ենք գաղափարի համահեղինակ Մարիամ Թորոսյանի հետ:

Safe You-ի ձեւավորման մեկնարկային կետը 2018 թվականն է, երբ  «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը շահում է դրամաշնորհ՝ կատարելու հետազոտական աշխատանք առ այն, թե ինչպես կարող է նորարարությունն աջակցել սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարին:

Ծրագրի շրջանակում ձեւավորվում է առանձին թիմ, գտնելու համար նա սկսում է հավելվածին առնչվող ուսումնասիրություններն ու նախագծման աշխատանքները՝ համագործակցելով փորձագետների եւ ՁԻՀ ղեկավարության հետ: Ծրագրի ավարտից հետո էլ շարունակում է կատարելագործել հավելվածն իր սեփական ուժերով:

Այսօր արդեն հավելվածը գործում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, իսկ 2021 թվականի ընթացքում կներդրվի շուրջ 10 ասիական երկրներում:

Մարիամի խոսքով՝ հավելվածում ստեղծել են այնպիսի գործիքներ, որոնք կնպաստեն կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին 3 կարեւոր ուղղություններով՝ կանխարգելում, պաշտպանություն եւ հետաքննում։

Մարիամ Թորոսյանը Մարիամ Թորոսյանը
photo © Մեդիամաքս


«Առաջին հնարավորությունը, որ տալիս է հավելվածը, «Կանչ» կոճակի առկայությունն է: Սեղմելով այն՝ հավելվածը մինչեւ 3 հեռախոսահամարի անվճար տարբերակով ահազանգող SMS է ուղարկում, ինչպես նաեւ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկատվություն: Նամակի հասցեատերերը կարող են լինել տվյալ օգտատիրոջ մտերիմները, մեր գործընկեր հասարակական կազմակերպություններ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կամ ոստիկանությունը»,- մանրամասնում է գաղափարի հեղինակը:

Նրա խոսքով՝ «Կանչ» կոճակի սեղմումը նաեւ ակտիվացնում է  ձայնագրիչը: Ձայնագրությունը հետագայում կարող է օգտագործվել հետաքննությանն աջակցելու համար, կամ ցանկացած պահի ջնջվել օգտատիրոջ կողմից։

Հավելվածի ցանցում հասանելի է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող կազմակերպությունների գտնվելու վայրի եւ կապի միջոցների մասին տեղեկատվություն: Առկա է նաեւ քննարկումների հարթակ, որտեղ օգտատերերը կարող են անանուն եղանակով մասնակցել տարատեսակ քննարկումների, ստանալ խորհրդատվություն հավելվածի կողմից վավերացված փորձագետներից:

«Մեր հեռահար նպատակն է Safe You-ն դարձնել տվյալների վրա հիմնված հավելված, որը կկարողանա իրական ժամանակում վիճակագրություն հավաքագրել, որն էլ կտրամադրվի քաղաքականություն մշակողներին, հասարակական կազմակերպություններին եւ այլ շահագրգիռ կողմերի: Սա կօգնի թիրախային ու ավելի արդյունավետ լուծումներ ստանալ»,- ամփոփում է Մարիամ Թորոսյանը:

Հավելվածի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ mediamax.am կայքում:

Գայանե Ենոքյան