11:21 | 30.10.15 | Հոդվածներ | exclusive 18330

    «Զվարթնոց»-ի չվերթները՝ քո հեռախոսում

    Գործարկվել է Zvartnots հավելվածը, որը հնարավորություն է տալիս հետեւել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին, ինչպես նաեւ գտնել տվյալ երթուղու համար առաջարկվող ամենաէժան տոմսերը:

    Հավելվածը հասանելի է Google Play-ում:

    Հավելվածի հեղինակը Luseen Technologies ընկերությունն է: Այն ստեղծվել է 3 ամսում՝ ներառյալ թեստավորումը:

    Համահիմանդիրներից Արմեն Խաչատրյանը Itel.am-ին պատմել է, որ սկզբում որոշել են ստեղծել հավելված պարզապես «Զվարթնոց»-ի թռիչքներին հետեւելու համար, այնուհետ՝ բետա թեստավորման ժամանակ, հասկացել են, որ օգտակար կլինի նաեւ տոմսերի որոնման գործառույթ ավելացնել:

    «Հավելվածում հնարավոր է գտնել յուրաքանչյուր չվերթի դետալային նկարագրություն, ստանալ ծանուցում այն դեպքում, եթե չվերթի կարգավիճակը փոխվել է: Ինտերֆեյսը 3 լեզվով է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն»,- պատմել է նա:

    Արմեն Խաչատրյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնակազմին տեղյակ են պահել հավելվածի գոյության մասին, եւ հետագայում օդանավակայանի հետ համագործակցության ցանկություն ունեն:

    Անդրադառնալով հավելվածի iOS տարբերակին՝ նա նշել է, որ որոշակի ներդրումների առկայության դեպքում հետագայում կզբաղվեն դրանով:

    Հիշեցնենք, որ այս տարի ավելի վաղ թիմը գործարկել էր Dram Today հավելվածը:

    Նարինե Դանեղյան