15:40 | 03.12.20 | Նորություններ | 4959

    «ԱրմենՏել»-ից «Տելեկոմ Արմենիա». Եսայանը եղբայրները պատմել են ընկերության զարգացման տեսլականի մասին

    Հոկտեմբերի 29-ին վերջնականացվել է ՎԵՈՆ խմբի եւ «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջեւ պայմանագիրը, որի համաձայն Վեոն Արմենիա ՓԲԸ-ն անցնում է Թիմ ՍՊԸ-ին:

    Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «ԹԻՄ» ՍՊԸ-ի համասեփականատերեր Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները խոսել են գործարքի եւ ընկերության զարգացման տեսլականի մասին:

    Գործարքի մասին

    Հայկ Եսայանի խոսքով, կայացած գործարքի արդյունքում այսօր ունենք ամբողջությամբ հայկական ընկերություն:

    «Այն ՀՀ-ում գործող հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների մեջ միակն է, որն ամբողջությամբ հայկական է: Շուտով կտեսնեք, թե ինչպիսի որակական փոփոխություներ են լինելու»:

    Գործարքն իրականացվել է Ամերիաբանկի ֆինանսավորմամբ: Հայկ Եսայանը նշել է, որ այս պահի դրությամբ երկրորդ վերաֆինանսավորումն իրականացրել են մասնակի, կատարվել է Արդշինբանկի միջոցներով:

    «Այս պահին գործարքին մասնակցում է երկու բանկ: Քննարկումներ ենք իրականացնում նաեւ այլ ֆինանսական հաստատություններից ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ»:

    Նոր օպտիկական ցանցի մասին

    Հայկ Եսայանի խոսքով, նոր ցանցի ներդրման աշխատանքներն արդեն իսկ սկսված են: Շուրջ երեք ամիս հետո Երեւանում կգործի նոր օպտիկական ցանց:

    «Ստեղծում ենք New Generation Network (NGN) տեխնոլոգիայով ցանց, որը կփոխի թվային ծառայությունների մասին հայաստանյան սպառողների պատկերացումները: Այն թույլ կտա ցանկացած բնակարանի մինչեւ 10ԳԲ/վ արագություն ունենալ: Կարծում եմ, առաջիկա 2-3 տարիների ընթացքում Beeline-ը կլինի Հայաստանի առաջատար ինտերնետ մատակարարներից մեկը»:

    Ընկերության զարգացման համար ներդրումների մասին

    Հայկ Եսայանը նշել է, որ առաջիկա հինգ տարվա ներդրումային պլանը նախատեսում է $40-60 մլն ներդրում՝ ցանցի կառուցման աշխատանքներում:

    «Հեռահաղորդակցության ոլորտում ներդրումները երբեք չեն դադարում: Հայաստանի միջին չափի տելեկոմ օպերատորները տարեկան $10-20 մլն են ծախսում, եւ մենք շարժվելու ենք հենց այդ պլանով»:

    Նա կարեւորել է այն փաստը, որ ընկերության շահույթը մնալու է երկրի ներսում, եւ արդյունքում զարգանալու են նոր ուղղություններ:

    «Մենք հետաքրքիր ռազմավարություն ենք որդեգրել. ստեղծվելու են փոքր ընկերություններ եւ տարբեր ՏՏ ուղղություններով զարգացումներ են լինելու, ֆինանսներն ուղղվելու են այդ ուղղությունների զարգացմանը»:

    Թիմի մասին

    «Երբ գործարքը կայացավ, Վեոն Արմենիայում աշխատում էր մոտ 1700 մարդ: Այս պահին ընկերությունում աշխատում է շուրջ 1900 մարդ, քանի որ «ԹԻՄ» ընկերությունում ունեինք 480 աշխատակից: Ընդհանուր առմամբ, Վեոն Արմենիայում կունենանք շուրջ 2000 աշխատակից, իսկ «ԹԻՄ» խմբի մեջ, որտեղ կգործեն նաեւ այլ ընկերություններ, կաշխատի 2500 մարդ՝ 2-3 տարիների ընթացքում», -նշել է Հայկ Եսայանը:

    Նրա խոսքով, այս գործարքի արդյունքում 3 տարվա ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում կավելանա շուրջ 300 աշխատատեղ, իսկ ՏՏ եւ այլ ռազմավարական ուղղություններում՝ եւս 300 աշխատատեղ:

    Հայաստանում կապի զարգացման մասին

    Ալեքսանդր Եսայանը նշել է, որ «ԹԻՄ» ընկերության բոլոր աշխատակիցները միացել են ՎԵՈՆ ընկերության աշխատակիցներին:

    «Արդյունքում ունենք նոր թիմ, որը զբաղվելու է հեռահաղորդակցության ոլորտի զարգացմամբ Հայաստանում: Այն քայլերը, որոնք կներկայացնենք առաջիկա տարում, ամբողջությամբ միտված են լինելու հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը: Ունենալու ենք նոր ծրագրեր եւ լուծումներ»:  

    Արցախում կապի զարգացման մասին

    «Քանի որ մենք ամբողջովին հայկական ընկերություն ենք, անելու ենք հնարավոր ամեն բան, որպեսզի կապը զարգացնենք ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում: Անելու ենք այնպես, որ ոչ միայն ռոումինգ չլինի, այլեւ կապի որակը Արցախում բարելավվի»,- ընդգծել է Հայկ Եսայանը:

    5G ցանցի ներդրման մասին
     
    «Առաջարկում եմ 5G ցանցի մասին հինգ տարի մոռանալ: Այսօր մեր երկրում դրա կարիքը չկա, այդ ցանցն առաջին հերթին ինդուստրիալ նշանակության ցանց է եւ դեռեւս հինգ տարի մենք դրա կարիքը չենք ունենա: Չենք ցանկանում ներդրում կատարել մի բանում, որն իրականում կիրառելիություն չունի: Այսօր 4G եւ 4G+ ցանցերը լիովին բավարար են մեր հասարակությանը որակյալ ծառայություններ մատուցելու համար»,- ընդգծել է Հայկ Եսայանը: