14:48 | 03.12.20 | Նորություններ | 4731
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ առաջիկայում ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործելու հնարավորություն կտրվի:
Այս մասին Արայիկ Հարությունյանն ասել է Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ:
«Հանձնարարականիս համաձայն՝ Կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել: Ուստի, կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին եւ գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն է ձեռք բերվել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական եւ մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։
Արցախի նախագահը հավելել է, որ վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչեւ օրվա ավարտ հիմնականում կլուծվեն: