15:50 | 25.08.20 | Նորություններ | 2238

«Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիրն ընդունում է հայտեր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ եւ PMI Science-ի աջակցությամբ հայտարարում է «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն՝ 2020-2021թթ․ ուսումնական տարվա համար:

Ծրագիրը նպատակ ունի պատրաստել լայնապրոֆիլ ինժեներներ, որոնք կտիրապետեն տարաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին եւ ամբողջական համակարգերի ձեւավորման գործառույթներին, ընդունակ կլինեն հասկանալ ու փոխկապակցել համակարգի ձեւավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները եւ իրականացնել համակարգային համալիրների կառավարում:



Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Ռաթգերսի համալսարանի եւ գործընկեր ընկերությունների հետ համատեղ: Դասավանդումն իրականացվելու է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող եւ արտերկրից հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք կփոխանցեն ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլ նաեւ գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվելու է գործընկեր կազմակերպություններում:

Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր ինժեներա-տեխնիկական, բնագիտական, ինժեներա-տնտեսագիտական, տնտեսագիտական ոլորտում առնվազն բակալավրի որակավորում ունեցողների համար:

2020-2021թթ. ուսումնական տարում  «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի լավագույն 10 ուսանողները կստանան ֆինանսավորում՝ PMI Science-ի աջակցությամբ:

Հաղթողների ընտրությունը կկատարվի գործընկեր ընկերությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից՝ ներկայացված դիմում-հայտի, ՄՈԳ-ը հաստատող տեղեկանքի, հիմնարար գիտելիքների ստուգման թեստի եւ հարցազրույցի արդյունքների ընդհանուր ամփոփման հիման վրա: Ընտրված 10 թեկնածուները կստանան միանվագ ֆինանսավորում՝ 570,000 հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները):