13:46 | 30.04.19 | Նորություններ | 5940
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) եւ ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Ռատգերսի համալսարանի Արդյունաբերական եւ համակարգային ինժեներության ֆակուլտետը երկարաժամկետ համագործակցություն են սկսել։
Համագործակցության շրջանակում, ՀԱՊՀ-ում գործող «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի ուսանողներն այս օրերին ուսումնական այցով գտնվում են Ռատգերսի համալսարանում։ Նրանք համալսարանում դասերի են հաճախում, ինչպես նաեւ համատեղ հետազոտությունների հնարավորություններ քննարկում։
«Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիրը մշակում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի հետ համատեղ եւ PMI Science-ի օժանդակությամբ:
ՀԱՊՀ Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի փոխտնօրեն, «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» ծրագրի համակարգող Ամալյա Մխիթարյանը 2019թ. հունվարին աշխատանքային այցով մեկնել էր Ռատգերսի համալսարան։ Այցի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել դասախոսների եւ ուսանողների հետ, ինչպես նաեւ քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները եւ փորձի փոխանակման հնարավորությունները։
«Ռատգերսի համալսարանի հետ փորձի փոխանակման հնարավորությունը շատ կարեւոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս միջազգային փորձն ուղղորդել դեպի ՀՀ կրթական ոլորտ: Սա թույլ կտա տեղի մասնագետներին եւ ուսանողներին ոչ միայն հաղորդակից դառնալ նորագույն տեխնոլոգիաներին, այլեւս համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնել»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ռատգերսի համալսարանի «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» ծրագրի ղեկավար Մոհսեն Ջաֆարին հուլիսին կժամանի Հայաստան՝ աշխատելու ՀԱՊՀ դասախոսների հետ՝ մագիստրոսական ծրագրի մշակման գործընթացում։
«Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիրը պաշտոնապես կգործարկվի 2019-2020 ուսումնական տարում։