16:53 | 29.04.19 | Նորություններ | exclusive 17833
Ապրիլի 28-ին Երեւանում կայացել է DataArt-ի կազմակերպած՝ QA (որակի ապահովման) փորձագետների հանդիպումը, որը միտված էր թեստավորման շուկայի առանձնահատկությունների, լավագույն փորձի եւ հաճախորդների մոտեցումների քննարկմանը:
Հանդիպումը կայացել է Yerevan Testing Days համաժողովի բացումից մեկ օր առաջ, որի պլատինե հովանավորն է DataArt-ը:
DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը Itel.am-ին պատմել է, որ հանդիպմանը մասնակցել են DataArt-ի տարբեր մասնաճյուղերից հրավիրված 10 QA փորձագետներ, ինչպես նաեւ QA-ի հայաստանյան «վետերանները»:
«Հանդիպման նպատակն էր միմյանց ճանաչելը եւ հասկանալը, թե այլ երկրներում ինչպիսի խորությամբ են իրականացվում QA գործառությունները, ինչ գործընթացներ է դա ենթադրում, ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվում»,- պատմել է Արսեն Բաղդասարյանը:
Արտերկրից հյուրերը ներկայացրել են DataArt-ում աշխատանքի ընթացքում իրենց հաջողության պատմությունները: Հայ մասնագետներն իրենց հերթին խոսել են հանրապետությունում QA-ի զարգացման մասին, պատմել նվաճումների մասին:
Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ հանդիպումն ունեցել է ճանաչողական բնույթ, իսկ DataArt ընկերության հայաստանյան մասնաճյուղը ծրագրում է Հայաստանում զարգացնել եւ առաջ տանել QA գաղափարը:
Հանդիպման ավարտին կայացել է պանելային քննարկում՝ ինչպես QA-ը որպես ծառայություն վաճառել թեմայով, որի շրջանակում արտերկրի եւ Հայաստանի լավագույն մասնագետները ներկայացրել են թեմայի շուրջ իրենց մտքերը:
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի