15:33 | 14.08.20 | Նորություններ | 23209

Դատարանը բավարարել է «Յուքոմ»-ի հայցի ապահովման միջնորդությունը

Օգոստոսի 13-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը  մասնակի բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը։

Դատարանն արգելել է «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը կնքել «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարք եւ գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները: Այս մասին հայտնել են «Յուքոմ»-ից։

«Յուքոմ» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «ԹԻՄ» ՍՊԸ-ի՝ խնդրելով հաստատել, որ առկա պայմաններում «ԹԻՄ» ՍՊԸ կողմից «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման բանակցային գործընթացում «Յուքոմ» ՓԲԸ պատկանող չբացահայտված տեղեկատվության օգտագործումը եւ «ԹԻՄ» ՍՊԸ հիմնադիրների կողմից «Յուքոմ» ՓԲԸ հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունների խախտումը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն, ինչպես նաեւ պարտավորեցնել «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը:

««Յուքոմ»-ը միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց, մասնավորապես, «ԹԻՄ» ՍՊԸ-ին արգելել վարել բանակցություններ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ գործարքի կնքման շուրջ, ինչպես նաեւ կնքել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման բանակցվող գործարքը (ստորագրել գործարքը եւ գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները):

Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները՝ «Յուքոմ»-ը ձեռնպահ է մնում հետագա տեղեկատվության տրամադրումից, սակայն գործի հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության, հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն հանրությանը»,- ասված է «Յուքոմ» ընկերության հայտարարության մեջ: