14:06 | 14.08.20 | Նորություններ | 18138

Ինտերնետի մատչելի հատուկ սակագնային փաթեթ՝ քաղցկեղով պացիենտների համար

Հայաստանում Beeline-ը Հենարան բարեգործական հիմնադրամի հետ միասին մշակել է մատչելի ինտերնետ եւ զանգեր տրամադրող հատուկ սակագնային փաթեթ, որից կարող են օգտվել քաղցկեղ ունեցող մարդիկ:

Հատուկ սակագնային փաթեթով նախատեսվում է լայն տարածված 6 բջջային հավելվածների՝ Facebook, Messenger, WhatsApp, Zoom՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը, Zangi, Telegram անսահմանափակ օգտագործում, առանց ինտերնետի տարիֆիկացման, ինչպես նաեւ՝ առողջապահության ոլորտի հետ կապված մի շարք կայքերից անսահմանափակ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման օգտվելու հնարավորություն՝ www.henaran-fund.org, www.bridgeofhealth.org, www.cityofsmile.org, www.oncology.am, www.breast.am, www.cancer.am, www.blood.am, www.apoa.am:

Փաթեթի ամսավճարը կազմում է 1500 դրամ եւ ներառում է ոչ միայն մատչելի ինտերնետ եւ մի շարք սոցցանցերից անվճար օգտվելու հնարավորություն, այլեւ տրամադրում է խոսելու ներցանցային րոպեներ, SMS-ներ եւ լրացուցիչ 3GB ինտերնետի ծավալ։ Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին եւ գործում է միայն կանխավճարային տարբերակով, փաթեթի սակագներն ու պայմանները վավեր են միայն ՀՀ տարածքի համար։

«Այս դեպքում մենք լուծում ենք ոչ միայն կորպորատիվ հաճախորդի խնդիրը, այլեւ օգնում ենք մարդկանց հիվանդության դեմ պայքարում, հնարավորություն ենք տալիս միշտ կապի մեջ մնալ եւ լինել զինված գիտելիքներով», - նշել է Հանաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հատուկ սակագնային փաթեթի միակ թիրախային խումբը քաղցկեղով պացիենտներն են, որոնց ախտորոշումը տեղի է ունեցել վերջին 24 ամիսների ընթացքում։ 24 ամսվա ժամկետը հաշվարկվում է Հենարան հիմնադրամին հայտադիմում ներկայացնելու օրվա դրությամբ։ Անչափահաս շահառուների դեպքում հատուկ սակագնային փաթեթը կարող է գնվել ծնողի/խնամակալի անունով՝ երեխայի ախտորոշման փաստաթղթերի հիման վրա։

Դիմելու համար անհրաժեշտ է Հենարան հիմնադրամի info@henaran-fund.org էլ․հասցեին ուղարկել հայտադիմում՝ կցելով պացիենտի անձնագրի պատճեն՝ լուսանկարի եւ գրանցման էջերով, ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) եւ վերջին էպիկրիզը։ Եթե պացիենտն անչափահաս է, ապա անհրաժեշտ է կցել երեխայի եւ նրա ծնողի/խնամակալի անձնագրերի պատճեները՝ լուսանկարի եւ գրանցման էջերով, ՀԾՀ-ները եւ վերջին էպիկրիզը։ Հայտադիմումը մշակելուց հետո Հենարան հիմնադրամը շահառուին կտրամադրի համապատասխան վկայական։ Հարցերի դեպքում զանգահարել Հենարան հիմնադրամ՝ 091-095513 հեռախոսահամարով։

Հատուկ սակագնային փաթեթը ձեռք բերելու համար շահառուները Beeline-ի սպասարկման գրասենյակներում կամ առցանց ներկայացնելու են Հենարան հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը: Միանալու համար անհրաժեշտ է դիմել Beeline՝ զանգահարելով 010-700-700 հեռախոսահամարին կամ գրել Ֆեյսբուքյան էջերից որեւէ մեկին՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով Հենարան հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը։