14:30 | 14.08.20 | Նորություններ | 2775

«Արմաթ»-ը արտահանման կայք ունի

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների արտահանման կայքը տեղեկություններ է պարունակում «Արմաթի» մոդելով հետաքրքրվողների համար։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԱՏՁՄ) հայտնել են, որ «Արմաթի» արտահանման շուրջ բանակցություններ են վարվում մի շարք երկրների պետական ու մասնավոր կառույցների հետ եւ անհրաժեշտություն է առաջացրել մեկ հարթակում հավաքագրել նախագծի արտահանման բոլոր մանրամասները։



«2017 թվականից ի վեր, երբ սկսեցինք «Արմաթի» արտահանման գործընթացը, բավականին շատ ինֆորմացիա է հավաքվել, հստակեցվել են ֆրանչայզինգային մոդելը, վաճառքի մեթոդաբանությունը, պայմանները։ Այդ ամենը մեկ հարթակում ավելի համակարգված ներկայացնելու համար որոշվեց ստեղծել այս կայքը, որն ավելի հարմարավետ կլինի օգտատիրոջն ու այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են «Արմաթի» արտահանմամբ»,- ասել է «Արմաթի» ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը։         

«Արմաթ» լաբորատորիաների արտահանման կայքը հնարավորություն է տալիս ոչ միայն ներգրավել կրթական մոդելի անմիջական գնորդներին, այլեւ հավաքագրել այն անձանց ու ընկերություններին, ովքեր կարող են ներկայացնել «Արմաթն» այլ երկրներում։

Նախորդ տարի ստորագրվեց Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։