11:06 | 25.06.20 | Նորություններ | 2497

Արմեն Սարգսյան. Այսօր կարեւոր են դառնում կրթությունն ու էլեկտրոնային առողջապահությունը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած՝ «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին։

Վեբինարի ընթացքում, որը վարել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, Հանրապետության նախագահը եւ հեղինակավոր գիտնականներն ու փորձագետները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղիները, ինչպես նաեւ անդրադարձել գլոբալ մարտահրավերի դեմ պայքարում երկրների համագործակցությանը։

Նախագահի բնորոշմամբ՝ այս իրավիճակը խաչմերուկ է, եւ ցանկացած ազգ պետք է հասկանա, թե որ ճանապարհն է ընտրելու. «Հայաստանը նույնպես կանգնած է այդ խաչմերուկում, հետեւաբար, պետք է վերաձեւակերպի եւ սահմանի իր առաջնահերթությունները: Կան առաջնահերթություններ, որոնք հրատապ են: Կրկին պետք է վերանայել Հայաստանն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը, այսինքն՝ այնպիսի մի ներդրում, որի միջոցով կստեղծվի Հայաստանի մասին տեղեկություն տարածելու հնարավորություն, որ ներդրողները հասկանան, թե ինչու է պետք հենց Հայաստանում ներդրումներ կատարել: Երկրորդը՝ մեծանալու է էլեկտրոնային կառավարման անհրաժեշտությունը: Կարեւոր են դառնում կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը»։



Նախագահի խոսքով՝ աշխարհն այսօր ապրում է անորոշության մեջ․ «Անորոշություն է բոլոր ոլորտներում։ Պետք է հասկանանք, որ մենք իսկապես բավարար տեղեկատվություն չունենք։ Մենք այս մոլորակի գիտակից բնակիչներն ենք եւ պետք է կարողանանք գոյակցել վարակների հետ, վերահսկենք դրանք։ Դեռ հարյուրավոր տարիներ առաջ Իսահակ Նյուտոնն ասել է՝ «Ես ընդամենը երեխա եմ, որ ծովափին խաղում է, իսկ ճշմարտության օվկիանոսները իմ առջեւ չբացահայտված ծփում են»։ Այդ չբացահայտված ճշմարտության օվկիանոսները գոյություն ունեն նաեւ այսօր, եւ համավարակն այդ օվկիանոսներից մեկն է։ Հետեւաբար՝ ապագայում դեռ շատ բան կա բացահայտելու»։

Հանրապետության նախագահի առաջարկով վեբինարի մասնակից օտարերկրացի գիտանականները իրենց մասնագիտական խորհուրդներն են փոխանցել Հայաստանին։

Վեբինարին մասնակցել են նաեւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, FAST հիմնադրամի համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը, Ճապոնիայի Տոհոկուի համալսարանի բժշկության դպրոցի վարակաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, COVID 19-ի վերաբերյալ կառավարության խորհրդատվական հանձնաժողովի անդամ Հիտոշի Օշիթանին, Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղարության կորոնավիրուսային հիվանդության նախապատրաստման եւ հակազդման գրասենյակի գլխավոր տնօրեն Տոմոչիկա Ույաման, Գերմանիայի Բունդեսթագի առողջապահական հարցերով փորձագետ, պրոֆեսոր Կարլ Լաութերբախը։