16:21 | 24.06.20 | Նորություններ | 16026

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ սահմանապահ Ոսկեպարում թիրախային ծրագիր է իրականացվել

Սահմանապահ Ոսկեպարում 8 ամիս առաջ գործարկվել է լուսադիոդային (LED) լուսարձակներով գործող՝ արտաքին լուսավորության համակարգ: Համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Իր ներդրումն է ունեցել նաեւ Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Տեղադրվել է 40 լուսարձակ, լուսավորվել է մի ամբողջ թաղամաս՝ շուրջ 1.5 կմ ճանապարհ:

Ոսկեպարում արդեն հասցրել են գնահատել «Էկո գյուղերի ցանց» ծրագրի դրական ազդեցությունը: Գործակցող կողմերն էլ որոշել են շարունակել եւ գրեթե ամբողջությամբ լուծել խնդիրը: Ազդարարվել է երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագրի՝ երկրորդ փուլի մեկնարկի մասին: Մինչեւ տարեվերջ, նախատեսվում է 1250 մ-ով ավելացնել գյուղի՝ լուսավորված փողոցների հատվածը:

Այդ ամենը հաստատող տեսազանգի ընթացքում քննարկվել է սահմանապահ գյուղերում երկարաժամկետ եւ թիրախային ծրագրի կարեւոր ազդեցության հարցը:

Գործակցող կողմերը վստահ են, որ ծրագիրը թույլ է տալիս սահմանապահ գյուղերում բարձրացնել մարդկանց կյանքի անվտանգության աստիճանն ու խնայել համայնքային միջոցները:

«Ձեզ հետ չեմ ֆիզիկապես, բայց կարեւորն արդյունքն է։ Սահմանապահ գյուղերի նկատմամբ մեր վերաբերմունքն անփոփոխ է։ Ամեն տարի ձգտում ենք որոշակի ներդրում ունենալ, որպեսզի դուք միշտ վստահ լինեք, որ մեզ բաժանում է միայն ֆիզիկական հեռավորությունը, եւ որ դուք մենակ չեք։  Նման ծրագրերի միջոցով մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը եղել ու մնում է մեր կարեւոր նպատակներից։ Ամուր մնացեք, ամուր պահեք մեր սահմանները եւ առողջ եղեք»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Լուսավորությունն առաջնային է սահմաններում: Արդեն 4 տարի, դուք աջակցում եք, որպեսզի մեր տարածաշրջանում լուծվի այդ խնդիրը: Այդ ամենը ոգեւորում է գյուղացուն, ով հպարտ կանգնած է իր հողի վրա: Խնդրի կարգավորումը կարեւոր է գիշերային ժամերին մարդկանց անվտանգությունն ապահովելու եւ համայնքի միջոցները խնայելու տեսանկյունից»,- ասել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:

«Ծրագրի երկրորդ փուլի համար, կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են: Հենասյուների տեղակայման տեղերն ընտրված են, հենասյուներն ու լույսերը՝ պատվիրված են: Շինարարական աշխատանքներն առաջիկայում կսկսվեն: Երբ այդ ամենն ավարտենք, կարելի է վստահաբար ասել, որ գյուղում 95%-ով՝ լուսավորված Ոսկեպար կունենանք»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:
Ծրագրի ձեռքբերումները կարեւոր են համարում նաեւ բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ու համայնքի  բնակիչները:

Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման համար, տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց  կարեւոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, որոնց հիմքում  կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են:

Բնապահպանական եւ էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում  են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա եւ ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար:  Գյուղի փողոցները կլուսավորվեն մինչեւ գիշերվա  01:00-ն: