10:53 | 02.06.20 | Նորություններ | 1901

Երեխաների համար նախագահական կայք է գործարկվել

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը, որի միջոցով երեխաները կարող են հայերենով եւ անգլերենով, ապագայում՝ նաեւ ռուսերենով հանրամատչելի տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ ոչ միայն նախագահի գործառույթներին, երդման տեքստին, այլեւ տեղեկանալ, թե ով կարող է լինել նախագահ, ինչպես է ընտրվում նախագահը:

Հարթակի այցելուներին հասանելի է նաեւ հակիրճ տեղեկատվություն Հայաստանի եւ ՀՀ սահմանադրության մասին:

Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձեւաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաեւ վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը որոշակի ժամերի բաց է այցելուների համար:

«Երեխաների անկյուն հատված»-ի միջոցով վիրտուալ տարածքի այցելուները հնարավորություն ունեն ուսուցողական խաղեր խաղալ եւ ստուգիչ հարցերի միջոցով ամրապնդել ստացած գիտելիքները:

Կայքն ունի մանկական տեսադարան, որտեղ նախատեսվում է ներկայացնել երեխաների կողմից ուղարկվող լավագույն տեսանյութերը. նրանք կարող են նկարահանել տեսանյութեր իրենց արտասովոր տաղանդի, գիտելիքի, հմտությունների, կարողությունների, մտքերի, երազների եւ ցանկությունների վերաբերյալ:

Կայքի համապատասխան հատվածում երեխաները կարող են նաեւ ներկայացնել իրենց առաջարկություններն՝ այդպիսով յուրովի մասնակցություն ունենալով կայքի ձեւին ու բովանդակությանը: