Արայիկ Հարությունյանը
10:41 | 27.03.20 | Նորություններ | 79775
Հեռավար կրթության նոր նախաձեռնած ծրագրերում ընդգրկվել են դպրոցականների մոտ 80 տոկոսը: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կայացած հեռավար աշխատանքային քննարկման ընթացքում՝ կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անընդհատությունը հնարավորինս ապահովելու եւ երեխաների կրթության իրավունքն առավելագույնս իրացնելու համար։ Նրա խոսքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, նախ, գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջը, ապա դպրոցականների համար բոլոր առարկաներից պատրաստել է տեսադասեր, որոնք ամեն օր տարածվում են նաեւ նախարարության ՖԲ-ի էջի միջոցով։
Նախարարը տեղեկացրել է, որ Հանրային հեռուստաընկերության հետ կազմակերպվող հանրային դասը հասանելի է բոլորին, տեսադասերը տարածելու համար գործարկվել են հեռուստատեսային հավելվածներ, հեռավար ուսուցման հմտություններ ձեռք բերելու համար դիմել է շուրջ 4000 մանկավարժ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրել է, որ հեռավար կրթության նոր նախաձեռնած ծրագրերում ընդգրկվել են դպրոցականների մոտ 80 տոկոսը, եւ նախարարությունն այսօր գույքագրում է խնդիրներն ու փորձում գտնել լուծումներ։
Նա ներկայացրել է այն ուղղությունները, որտեղ հայկական կողմը աջակցության կարիք ունի՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորինս աջակցել հեռավար ուսուցման մեջ ներառելու հարցում՝ համապատասխան սարքավորումներ տրամադրելու, ինտերնետի հասանելիություն ապահովելու, ստեղծված ռեսուրսների բջջային հավելվածների մշակման եւ այլ միջոցներով, զարգացնել ուսուցիչների հեռավար ուսուցում կազմակերպելու հմտությունները, օժանդակել կրթական բոլոր հաստատությունների ախտահանման հարցում։
Նա կարեւորել է հեռավար ուսուցումը հաշմանդամություն ունեցող եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառող դարձնելու հարցը: