14:26 | 18.03.20 | Նորություններ | exclusive 3792

Հայաստանում առցանց կրթությունն ու կորոնավիրուսը

Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն, ինչի արդյունքում փակ են նաեւ կրթական հաստատությունները:

Itel.am-ը ներկայացնում է կրթական մի շարք հաստատություններ, որոնք հայտարարել են դասապրոցեսն առցանց հարթակ տեղափոխելու մասին: Նշենք, որ այդ հաստատությունների թիվն օրեցօր ավելանում է:

Երեւանի պետական համալսարան

Համալսարանը հայտարարել է առցանց դասավանդման անցնելու մասին՝ օգտագործելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները:

«Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու համար e-learning.ysu.am հարթակում առկա է առցանց դասախոսությունների իրականացման (Webinar, Bigbluebutton) հնարավորություն։ Գործընթացը կարող է կազմակերպվել նաեւ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության այլ տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ուսանողների էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն կրթական ծրագրով նախատեսված դասընթացների համապատասխան նյութերը՝ գրականության ցանկ, քննարկվող թեմայի վերաբերյալ առանցքային հարցեր, ինչպես նաեւ առաջադրանքներ՝ ուսումնական ծրագրին համապատասխան»:

Հայաստանի ամերիկյան համալսարան

Համալսարանը մարտի 16-ից անցել է օնլայն ուսուցման ռեժիմի: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ համալսարանի գործունեությունը եւ դասերը տեղափոխվում են օնլայն ռեժիմ՝ անորոշ ժամանակով:

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Համալսարանի տարածած հայտարարության համաձայն, չնայած այն փաստին, որ համալսարանը փակ է լինելու` դասերի մի մասն անցկացվելու է առցանց:

Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Համալսարանը հայտարարել է, որ անցնում է ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելուն:

Դասախոսների կողմից ուսանողների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվեն համապատասխան տեսական դասընթացների դասախոսությունների նյութերը՝  գրականության ցանկով եւ քննարկվող թեմայի առանցքային հարցերով, ինչպես նաեւ գործնական դասընթացների նյութերը եւ առաջադրանքները:

Ուսանողները պետք է օրական առնվազն մեկ անգամ ստուգեն էլեկտրոնային փոստը եւ բարեխղճորեն կատարեն դասախոսի կողմից ուղարկված հանձնարարությունները: Նշվում է, որ ըստ անհրաժեշտության դասախոսները կանցկացնեն առցանց դասախոսություններ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիա

Ակադեմիայում նշել են, որ հեռավար ուսուցման դասընթացները շարունակվում են բնականոն ընթացքով: Հեռավար ուսուցումը դադարեցնելու որեւէ հիմք չկա, եւ երկրում ստեղծված իրավիճակը չի խոչընդոտում կրթության այս ձեւի իրականացմանը:

Նշենք նաև, որ արդեն երեք տարի է, ինչ ակադեմիան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ իրականացնում է հեռավար ուսուցում:

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը եւս իրականացնում է հեռավար ուսուցում: Կենտրոնում ներդրվել է տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ:

Կենտրոնում նշել են, որ առցանց գիտաժողովի դահլիճը վերազինված է Polycom HDX համակարգով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել առցանց հեռավար դասախոսություններ, գիտական կոնֆերանսներ եւ այլ միջոցառումներ: Առցանց դասախոսությունները կազմակերպվում են տեսակոնֆերանսների համար նախատեսված հատուկ ծրագրով, որn ինտեգրված է հեռավար հարթակում:

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը Հայաստանում 2014թ.-ից իրականացնում է լրացուցիչ կրթական ծրագրեր նաեւ այս ձեւաչափով:

Եվրասիա միջազգային համալսարան

Համալսարանի Գիտխորհրդի հանձնարարությամբ մեթոդխորհուրդը կատարելագործել է առցանց ուսուցման ձեւաչափը եւ մարտի 18-ից համալսարանն անցում է կատարել առցանց ուսուցման։

«Այբ» դպրոց

Դպրոցը վաղուց է ներդրել առցանց ուսուցման համակարգ, եւ այսօր՝ արտակարգ դրության պայմաններում, ամբողջովին անցել է օնլայն ռեժիմի: Խոսքը գնում է բոլոր առարկաների մասին՝ անգամ ֆիզկուլտուրայի:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կրթահամալիրը, որը եւս գործում է առցանց ռեժիմում, պատրաստակամություն է հայտնել այլ հաստատությունների հետ կիսվել առցանց ուսուցման փորձով:

«Ուսուցիչները, դպրոցները պետք է առցանց պարապմունքի հմտություններ ձեռք բերեն, որով ոչ միայն կապահովեն հանրակրթության մասին ՀՀ օրենք մտնող հեռավար ուսուցման կազմակերպումը՝ որպես ուսուցման եղանակ, այլ կօգտագործեն այդ հմտությունները առկա ուսուցման մեջ նաեւ այսպիսի ակամա արձակուրդների շրջանում...

Դիմում ենք այսօր հարկադիր պարապուրդի մեջ գտնվող սովորողներին, ընտանիքներին, հանրապետության ուսուցիչներին. միացեք մեր հեռավար ուսուցման կազմակերպմանը՝ օգտվելով կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների հեռավար ուսուցման հարթակներից, ուսուցիչների ուսումնական բլոգներից՝ որպես լրացուցիչ կրթություն։ Ոչինչ չեք վճարում. ստանում եք։

Փոխանցման երկրորդ հարթակը։ Դիմում ենք հեռուստաընկերություններին. պատրաստ ենք հեղինակային մանկավարժության առցանց պարապմունքներ ներկայացնել տարբեր դասընթացների, ուսումնական գործունեության վերաբերյալ»,- հայտարարել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

***

«Դասավանդիր, Հայաստան»

«Դասավանդիր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդները, շրջանավարտները եւ անձնակազմի անդամները մեկնարկել են դաս-զրույցների շարք, որի ընթացքում առցանց հարթակում (Facebook LIVE) խոսում են տարբեր թեմաների շուրջ ՝ աշակերտներին տալով հնարավորություն ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Մինչեւ ապրիլի 16-ը լաբորատորիաները կգործեն հեռավար ուսուցման մոդելով։

«Դեռ մարտի 13-ից Հայաստանի մարզերի (այդ թվում` Արցախի), ինչպես նաեւ Ջավախքում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մեծ մասն անցել են հեռավար ուսուցման։ Խմբավարներին տրամադրվել է հեռավար ուսուցման ձեռնարկ։ Նպատակն է, ապահովել աշակերտների ու խմբավարների առողջության անվտանգությունը եւ անխափան ուսումնական գործընթացը»:

«Քան» ակադեմիա

«Քան» ակադեմիան տրամադրում է անվճար առցանց կրթական ռեսուրսներ սովորողների, ուսուցիչների եւ ծնողների համար՝ հայերեն լեզվով:

«Մեր հայերեն կայքում կարող եք գտնել մաթեմատիկայի բազմաթիվ նյութեր՝ մանկապարտեզի տարիքի երեխաներից մինչեւ ավագ դպրոցի աշակերտների համար, ինչպես նաեւ նյութեր արվեստի պատմությունից, երաժշտությունից, անգլերենից եւ ձեռնարկատիրությունից»:

Բացի վեբ տարբերակից, հասանելի է նաեւ մոբայլ հավելվածը՝ Google Play-ում եւ App Store-ում:

Mind Center

Mind Center կրթական կազմակերպությունը եւս անցել է հեռավար ուսուցման: Կենտրոնի սաները ծրագրավորման դասերն անցկացնում են առցանց:

Նարինե Դանեղյան