17:18 | 11.03.20 | Հարցազրույցներ | exclusive 317174

Ալեքսեյ Միլլեր. DataArt Armenia-ն մեր միասնական հաջողության մասն է

Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը Հայաստան կատարած այցի շրջանակում մարտի 9-ին այցելել է DataArt ընկերության Հայաստան ներկայացուցչություն:

Itel.am-ի հետ զրույցում նա պատմել է ընկերության գործունեության եւ հայաստանյան տպավորությունների մասին:

***
Ես DataArt-ի համահիմնադիրներից եմ, ընկերություն, որի պատմությունը սկսվեց 22 տարի առաջ: Ապրում եւ աշխատում եմ Նյու Յորքում եւ սա Հայաստան կատարած իմ երկրորդ այցն է:


Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումների եւ ներուժի մասին տեղյակ եմ վաղուց, քանի որ ունեմ հայ ընկեր, որը Հայաստանում այս ոլորտում հաջողակ ընկերություն է հիմնադրել:


Խոսքը OneMarketData ընկերության մասին է, որի գործունեության սահմանները ձգվում են Նյու Յորքից մինչեւ Լոնդոն: Տեսնելով այդ ընկերության գրանցած հաջողությունները, հասկացա, որ Հայաստանը վայր է, որտեղ կարող են մշակվել ամենաբարդ տեխնոլոգիաները, որոնք հետագայում կօգտագործվեն ամբողջ աշխարհում:

***
DataArt-ը գործում է աշխարհի տասնյակ կետերում: Ընկերության միասնականությունը մեզ համար շատ կարեւոր գործոն է: Ցանկացած կետում, որտեղ մենք աշխատում ենք, արժեւորում ենք թիմային հսկայածավալ աշխատանքը:


DataArt-ն ընկերություն է, որտեղ բոլորս միասին հաջողություն ենք կերտում, եւ երեւանյան ներկայացուցչությունն այդ միասնական հաջողության մասն է կազմում:


Կարծում եմ, որ ամեն ինչի հիմքում կանգնած են մարդիկ: Մենք մեզ հաջողակ ենք համարում, որ հանդիպել ենք իսկապես լավ հայերի եւ այդ կապերն են նպաստել, որպեսզի Հայաստանում ներկայություն հաստատելու որոշում կայացնենք:

***
Իմ կարծիքով, շատ կարեւոր է հասկանալ բիզնեսում քո տեղը: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին տեղափոխվել տեխնոլոգիաների ապագա: Մենք վաճառում ենք այդ ճանապարհորդությունը՝ սկսելով այն վայրից, որտեղ հաճախորդը գտնվում է այսօր՝ դեպի այն վայր, որտեղ նա կլինի ապագայում: Այդ գործընթացը պահանջում է ճկունություն եւ հետաքրքրասիրություն, քանի որ ամեն օր հանդիպում ես նոր մարտահրավերների: Սակայն, հնարավորություններն այսօր ամենուր են եւ դրանք պետք է օգտագործել:  

Ալեքսեյ Միլլերի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը