17:08 | 10.03.20 | Նորություններ | 8071
Մարտի 9-ին «Ռոստելեկոմ»-ն ազդարարել է «Азбука Интернета» նախագծի նոր փուլի մեկնարկը։
Նախագիծն իրենից ներկայացնում է միջին տարիքի (50+) եւ տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք, որը մշակված է նրանց համար եւ ընդգրկում է համակարգչային գրագիտության կարեւորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչեւ առցանց ռեսուրսների կիրառում։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նախագծի մանրամասները, ձեւավորվեցին խմբեր, ինչպես նաեւ մասնակիցները ծանոթացան կամավոր-դասընթացավարների հետ։
«Азбука Интернета» նախագիծը Հայաստանում իրականացվում է հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի նախաձեռնությամբ։ Նախագծի գործընկերներն են «Այբ» դպրոցը, որի կամավոր-աշակերտները աջակցում են մասնակիցներին՝ ձեռք բերելու տարատեսակ համակարգչային հմտություններ, եւ Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, որտեղ գտնվող ՍՄԱՐԹ կենտրոնի՝ տեխնիկապես հագեցած լսարաններում էլ անցկացվում են դասընթացները։
«Արդեն 5-րդ տարին է՝ անցկացնում ենք «Азбука Интернета» նախագիծը Հայաստանում, եւ յուրաքանչյուր տարվա արդյունքներն ու բնակչության ակտիվ մասնակցությունը փաստում են, որ նախագիծն իրոք անհրաժեշտություն է։ Ուրախալի է, որ «Азбука Интернета» նախագիծը կապող «կամուրջ» է դառնում սերունդների միջեւ, եւ երկու կողմերն էլ կարողանում են հնարավորինս շատ գիտելիքներ եւ փորձ փոխանցել միմյանց»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հանդիպմանը հրավիրված էին նաեւ նախորդ տարվա «Азбука Интернета» նախագծի մասնակիցները, ովքեր կիսվեցին նախագծի վերաբերյալ իրենց տպավորություններով եւ փորձով՝ ոգեւորելով եւ մեծ եռանդ փոխանցելով նորեկներին։
«Ես կցանկանայի թեթեւացնել այն անհանգստությունը, որը հիմա կա շատերի ներսում։ Այստեղ շատ ջերմ եւ հոգատար մթնոլորտ է ստեղծվում, եւ ինչպես մենք էինք մեր թոռնիկների ձեռքից բռնած տանում նրանց կյանքի ուղիով, որ չսայթաքեն, այնպես էլ այս կամավորներն են մեզ մեծ ուշադրությամբ ուղեկցում դեպի համակարգչի եւ ինտերնետի աշխարհ»,- նշել է «Азбука Интернета» նախագիծի 2019 թ․մասնակից Գեորգի Շարխաթունյանը։
Դասընթացները կտեւեն 4 շաբաթ, իսկ ավարտին մասնակիցներին եւ կամավոր-դասընթացավարներին կշնորհվեն հավաստագրեր։
«Азбука Интернета» դասընթացներն անց են կացվում հայերեն լեզվով՝ հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում անցած ձեռնարկի օգնությամբ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է նաեւ նախագծի կայքում:
Հայաստանում «Азбука Интернета» նախագիծն իրականացվում է 2015թ.-ից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ շուրջ 300 մասնակիցներ Երեւանից եւ մարզերից ձեռք են բերել համակարգչային հմտություններ եւ ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։