12:34 | 10.03.20 | Նորություններ | 2295

Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների ընկերակցությունը կակտիվացնի գործունեությունը ՀՀ-ում

Մարտի 7-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն ընդունել է Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների ընկերակցության (ԱՃԳԸ) նորընտիր խորհրդի անդամներին՝ նախագահ Ռիչարդ Օհանյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում Ռիչարդ Օհանյանը ներկայացրել է ընկերակցության առաջիկա ծրագրերը, նշելով, որ նախատեսում են հայ ճարտարագետների եւ գիտնականների մեծ ներուժը գործածել՝ կրթական եւ մարդասիրական նոր ծրագրերի իրականացման համար։

Կազմակերպությունը նպատակ ունի նաեւ համալրել իր շարքերը երիտասարդ գիտնականներով եւ ընդլայնել գործունեության աշխարհագրությունը։


Ռիչարդ Օհանյանը նշել է, որ կազմակերպության առաջիկա ծրագրերից է ակտիվացնել գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով Հայաստան-Սփյուռք կապերին։

Նրա խոսքով, ընթանում են հերթական ամենամյա միջոցառման նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում կստեղծվի հայ գիտնականների եւ ճարտարագետների մասին տեղեկատվական բազա, պարգեւներով կխրախուսվեն լավագույն մասնագետները, կնախանշվեն Հայաստանում կառույցի անելիքները, այդ թվում՝ աջակցությունը հետազոտական աշխատանքներին եւ հայաստանյան ստարտափներին։

Դեսպան Արմեն Բայբուրդյանը ողջունել է Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների ընկերակցության առաջիկա ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել կազմակերպության նախաձեռնություններին, որոնք միտված են հայ գիտական մտքի զարգացման եւ հայրենիքի շահերին ի նպաստ ծառայեցնելու նպատակին։ Հատուկ ուշադրություն է դարձվել կազմակերպության կողմից կրթական մակարդակներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) զարգացմանը՝ Կալիֆորնիայում եւ Հայաստանում։