14:55 | 07.02.20 | Նորություններ | 18238

Մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը

Երեւանում մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը։ Այս ինկուբացիոն ցիկլի 4 ռեզիդենտ ստարտափներն են՝ Craft Lab, Personal Lawyer, Sofetch եւ BridgeSoft:

Պաշտոնական բացմանը թիմերի անդամները ծանոթացել են միմյանց եւ գործող ներդրողների հետ։ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ իրականացվող Beeline ստարտափ ինկուբատորում լավագույն արդյունքներ գրանցող թիմերը ներդրումներ են ներգրավում բիզնես հրեշտակների կողմից:

«Յուրաքանչյուր շրջափուլին ընտրում ենք 4 կամ 5 թիմ, ուսումնասիրում իրենց աճին խոչընդոտող հանգամանքները ու խնդիրները։ Այնուհետեւ ներգրավում ենք ոլորտի պրոֆեսիոնալներին, որպեսզի օգնենք մեր ստարտափներին զարգանալ միջազգային շուկայում։ Նախորդ տարվա երեք շրջափուլերի ընթացքում համոզվեցինք, որ յուրաքանչյուր թիմի հետ անհատական աշխատելն ամենաարդյունավետ լուծումն է»,- նշել է Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը։

«Մենք միշտ ուրախ ենք մեզ մոտ ընդունել երիտասարդ հայ ձեռներեցների նոր խմբեր, ովքեր վստահաբար ինկուբատորի թիմի եւ BANA-ի մեր գործընկերների ու ներդրողների շնորհիվ մեծ հաջողությունների կհասնեն ու արագ կաճեն թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային շուկայում: Վստահ եմ, որ նախորդ թիմերի հետ աշխատելու փորձը մեզ թույլ կտա էլ ավելի արդյունավետ աշխատանք կատարել»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ի դեպ, Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ շրջափուլն ավարտած երկու թիմ՝ EasyDMARC-ը եւ Lucky Carrot-ը, փետրվարի 24-ից 27-ը Beeline-ի աջակցությամբ կմեկնեն Բարսելոնա։ Թիմերի համահիմնադիրները կմասնակցեն Mobile World Congress-ին` աշխարհի ամենամեծ միջազգային մոբայլ միջոցառմանը։

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տեւողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման եւ թիմի ձեւավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաեւ ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման եւ գումարների ներգրավման հետ կապված հարցեր։