16:16 | 14.01.20 | Նորություններ | 3523

Խաղերի ստեղծման Global Game Jam հաքաթոնն ընդունում է հայտեր

Հունվարի 31-ից փետրվարի 2-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի Global Game Jam Armenia հաքաթոնը, որը Հայաստանում խաղերի ստեղծման ոլորտի ամենամեծ միջոցառումն է:

Արդեն 4-րդ անգամ անցկացվող միջոցառման նպատակն է Հայաստանում խաղաստեղծների համայնքի ձեւավորումն ու զարգացումը։

Մասնակցությունը անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:

48 ժամ տեւողությամբ խաղերի ստեղծման հաքաթոնի համակազմակերպիչներն են Noor Games-ը, ՀԱՀ Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) եւ Rockbite Games-ը:

Global Game Jam-ը (GGJ) խաղերի ստեղծման համաշխարհային հաքաթոն է։ Անցյալ տարի GGJ-ը կազմակերպվել է աշխարհի 114 երկրի 900 քաղաքում եւ ունեցել է ավելի քան 50 հազ. մասնակից։

Առաջին անգամ GGJ-ը Հայաստան է եկել 2017թ.՝ Noor Games-ի ջանքերով եւ սկսած այդ տարվանից ամեն տարի կազմակերպվել է՝ դառնալով ավանդույթ խաղերի ստեղծման ոլորտում։

2017թ.-ից մինչ օրս Noor Games-ի հետ միասին EPIC-ը եղել է GGJ Armenia-ի համակազմակերպիչը։ Նշենք, որ 2019թ. GGJ Armenia հաքաթոնին մասնակցել է մոտ 110 մարդ եւ ստեղծվել է 26 խաղ:

«Խաղերի գլոբալ շուկան 2019-ին գնահատվել է մոտ $120 մլրդ, որը ահռելի շուկա է։ Սա Հայաստանի տնտեսությունը զարգացնելու հիանալի հնարավորություն է։ GGJ-ի անցկացման ակնհայտ արդյուներից մեկը այն է, որ նախորդ տարիների որոշ մասնակիցներ այժմ աշխատում են տեղական խաղարտադրող ընկերություններում։ Սակայն մենք վստահ ենք, որ սա երկարաժամկետ կտրվածքով մեծ ազդեցություն է ունենալու խաղերի ստեղծման հայաստանյան էկոհամակարգի վրա»,- նշել է Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը։

Նրա խոսքով, վերջին երկու 2 տարում մասնակիցների քանակն աճել է ավելի քան 3 անգամ, իսկ ստեղծված խաղերի քանակն՝ ավելի քան 4 անգամ:

Այսպես՝
- 2017-ին մոտ 30 մասնակից, 6 խաղ:
- 2018-ին մոտ 70 մասնակից, 12 խաղ:
- 2019-ին մոտ 110 մասնակից, 26 խաղ:

«GGJ-ը մրցույթ չէ եւ պարտադիր չէ, որ մասնակիցները լինեն խաղերի ստեղծման մասնագետներ։ Հաճախ մասնակցում են մարդիկ, ովքեր ուզում են փորձել խաղերի ստեղծման հաճելի պրոցեսը: Շատ ակտիվ են ուսանողները, փորձում են հասկանալ ինչ է իրենից ներկայացնում խաղերի ստեղծումը։ GGJ Armenia-ն ունի մենթորներ, որոնք կայացած մասնագետներ են իրենց բնագավառում եւ խորհուրդներով օգնում են մասնակիցներին խաղերի նախագծման եւ ստեղծման փուլերում»,- հավելել է Նարեկ Աղեկյանը։