11:45 | 10.01.20 | Նորություններ | 3534

GCON 2020-ը կմիավորի խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին

Հունվարի 25-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի խաղերի ստեղծմանը նվիրված GCON 2020 համաժողովը, որի նպատակն է մեկ հարկի տակ միավորել խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին, հանդիսանալ շփման, համագործակցության ու գիտելիքի փոխանակման հարթակ։

Համաժողովի համակազմակերպիչներն են Noor Games-ը եւ ՀԱՀ Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC):

GCON-ի ընթացքում կազմակերպվելու են ելույթներ եւ պանելային քննարկումներ՝ հայ մասնագետների մասնակցությամբ։ Համաժողովին մասնակցությունն անվճար է։

Խաղերի ստեղծման մասնագետները, որոնք ցանկանում են ելույթով հանդես գալ GCON 2020-ի ընթացքում, պետք է լրացնեն հայտը եւ ստանան հաստատում կազմակերպիչների կողմից։

Noor Games-ի հիմնադիր, GCON-ի եւ GGJ-ի համակազմակերպիչ Նարեկ Աղեկյանի խոսքով, համաժողով կազմակերպելու միտքը ծագել է խաղաստեղծների համայնքի հետ քննարկումների արդյունքում։

«Աշխարհում նմանատիպ միջոցառումներ վաղուց են կազմակերպվում: Հայաստանում, սակայն, այս ձեւաչափը նորություն է: 2019թ. Հայ խաղաստեղծների ասոցիացիայի (AGDA) շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ ենք կազմակերպել։ Քննարկումների ընթացքում բազմիցս բարձրացվել է նման հարց, զգացվել է նման հարթակի կարիք։ Որոշեցինք, որ Հայաստանում խաղերի ստեղծմանը նվիրված ամենամեծ միջոցառումից՝ Global Game Jam Armenia 2020-ից մոտ մեկ շաբաթ առաջ ճիշտ կլինի կազմակերպել կոնֆերանս, որը եւս մեկ առիթ կհանդիսանա հանդիպման եւ գիտելիքների փոխանակման համար։ Մյուս կողմից, այն կնպաստի Global Game Jam Armenia խաղերի ստեղծման ամենամյա հաքաթոնին մասնակիցների ինքնավստահության մեծացմանը եւ ստեղծվելիք խաղերի որակային աճին»,- նշել է նա: