11:46 | 27.12.19 | Նորություններ | 19839

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ներքին Կարմիրաղբյուրում Ամանորը կդիմավորեն լուսավոր փողոցներով

Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում լուսավորվել են դեպի սահման, հիմնական նշանակության կառույցներ տանող եւ կենտրոնական մի քանի փողոցներ:

Գյուղում շինարարական աշխատանքները լայն թափով մեկնարկել են աշնանը: Համակարգի տեղակայմանն աջակցել են ենթակառուցվածքների եւ էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):

«Մեր գյուղից մինչեւ Ադրբեջանի հետ սահման հեռավորությունն ուղիղ գծով 700մ է: Շատ երկար տարիներ լուսավորության խնդիր ենք ունեցել: Այն փաստը, որ մարդիկ այսուհետ կարող են գիշերվա ժամերին հանգիստ քայլել՝ ոգեւորիչ է: Դա կարեւոր է եւ հոգեվիճակ է փոխում: Լուսավորված փողոցներով մենք նաեւ ուղերձ ենք հղում հակառակորդին. գյուղը կա, շենանում է ու պիտի զարգանա»,- ասել է վարչական տարածքի ղեկավար Լեւոն Առաքելյանը:

Որոշակի ներդրում է ունեցել նաեւ համայնքը: Արդյունքում, տեղակայվել է 48 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 1800մ երկարությամբ տարածք: Մասնավորապես՝ գյուղի մուտքից դեպի սահման տանող հիմնական փողոցը, կենտրոնական մյուս փողոցները եւ դեպի վարչական շենք ու մանկապարտեզ տանող փողոցները:

«Ցանկացած խնդիր կարելի է լուծել, երբ կա ցանկություն: Դրանում համոզվել ենք եւ՛ մենք, եւ՛ մարզերի բնակիչները: Ընթացիկ տարում, մեր թիրախում եղել են հեռավոր եւ հատկապես սահմանամերձ գյուղերը: Փողոցների լուսավորություն եւ առհասարակ՝ մարզերում իրականացվող ցանկացած ծրագրով ոգեւորված ենք բոլորս: Դա շատ կարեւոր է. լավատեսությունը, երազելու կարողությունը եւ հույսն առաջ մղող ուժ են: Թող երազելու եւ երազանքն իրականացնելու կամքը երբեք չլքի ձեզ: Մենք ձեզ հետ ենք: Առիթից օգտվելով, շնորհավորում եմ բոլորիդ՝ գալիք տոների կապակցությամբ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախորդ ամանորին Ներքին Կարմիրաղբյուրի վարչական կենտրոնը լուսավորվել է ընդամենը տասն օր: Այդ ամենն արդեն անցյալում է. գյուղում այլեւս մութ գիշերներ չեն լինի: Ոչ արդյունավետ ու ծախսատար հին լուսատուների կարիք այլեւս չի լինի, իսկ բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, կսպառեն 80%-ով պակաս էլեկտրաէներգիա եւ կծառայեն կրկնակի արդյունավետությամբ: