12:21 | 18.12.19 | Նորություններ | 1806

Հայ երիտասարդները 2020թ. Սիլիկոնյան հովտում ուսանելու հնարավորություն կստանան

Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում:

Կրթական ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը եւ հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։

7 շաբաթ տեւողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում, որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաեւ Հերոսների համալսարան։

ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաներին միավորած կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար: Հայտը հասանելի է այստեղ՝ մինչեւ հունվարի 27-ը։

Դիմել կարող են 21 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար, որը ցանկանում են իրագործել Հայաստանում, բացարձակ տիրապետում են անգլերեն լեզվին եւ պատրաստ են դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել մարզերի ուսանողների եւ ապագա ձեռնարկատերերի հետ։

Լավագույններին ընտրելու են Դրեյփերի համալսարանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից լիազորված հատուկ հանձնաժողովի անդամները:

Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Համալսարանում դասախոսներն իրական կյանքում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարտափի ներկայացմանը։ Համալսարանը 77 երկրից ուսանող ունի։