11:21 | 18.12.19 | Նորություններ | 9322

Creative Armenia-ն եւ Ucom-ը ներկայացրել են «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի հաղթողներին

Creative Armenia-ն հայտարարել է «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի երկու հաղթողներին՝ հովանավորված Ucom-ի կողմից։

Մեթյու Յալդեզյանը եւ Օֆելյա Հարությունյանը կիսում են $2 հազ. գլխավոր մրցանակը՝ «Creative Armenia» անվանումով երեւակայական ֆիլմի իրենց ազդեցիկ սցենարների առաջին էջերի համար։ Պատվավոր հիշատակումներն են՝ Անդրե Ավանեսյանը, Իրեն Ստեփանյանը, Ջեյսոն Լեսկին եւ Նոյ Մեղերյան Բարթելը։

«Մենք բազում տպավորիչ սցենարներ ենք ստացել աշխարհի տարբեր կողմերից»,- ասել է Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Սակայն այս երկու էջերը առանձնացան իրենց սրաթափանցությամբ եւ ուժով։ Դրանք տպավորիչ կերպով ներկայացրին հերոսներին, տվեցին հաջորդող պատմության գրավիչ ակնարկներ եւ ստիպեցին մեզ ցանկանալ կարդալ հաջորդ էջերը»։

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Թատրոնի, ֆիլմի եւ հեռուսատեսության դպրոցի մասնագիտական ծրագրերի դոցենտ Մեթյու Յալդեզյանը ներկայացրեց տպավորիչ հերոսի, որը խճճված էր Լիթլ Արմենիայի «համառորեն խաչվող փողոցների խուրցի մեջ»։

Հայաստանում ծնված կինոռեժիսոր Օֆելյա Հարությունյանը կյանքի է կոչել մի շարք ֆիլմեր, որոնք էկրանավորվել են խոշոր կինոփառատոններում, ինչպիսիք են՝ «Sundance»-ը, «TIFF»-ը եւ «Raindance»-ը։ Նա նաեւ արտադրել է ֆիլմեր Ալեքս Գիբնիի եւ «HBO»-ի համար։ Նրա «Creative Armenia»-ի սցենարի առաջին էջը վերհանեց հին, կամ գուցե նոր, երեւանյան կրկեսի երազանքներն ու փոշին։

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը Creative Armenia-ի եւ Ucom-ի երրորդ համագործակցությունն է՝ հաջորդելով «Ստվերների արվեստ» լուսանկարչության մարտահրավերին եւ «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերին։

«Ucom ընկերության անունից շնորհավորում եմ հաղթողներին եւ բոլորովին չեմ զարմանում, որ նրանք երկուսն են»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Տաղանդավոր ու ստեղծարար մարդիկ մեր երկրում շատ են, եւ ես ուրախ կլինեմ, երբ նոր սերնդի սցենարիստները, ռեժիսորները, դերասանները շարունակեն աշխատել ու միջազգային ասպարեզում հաջողություններ ունենան»։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար միտքը:

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ միասին իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին: