11:30 | 18.12.19 | Նորություններ | 2226

17 երկրից 47 ստարտափներ մասնակցում են «Ներուժ» ծրագրին

Դիլիջանի միջազգային դպրոցում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաեւ Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը:

Ծրագրի բացմանը աշխարհի 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափների 80 ներկայացուցիչներին ողջունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Սա հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր ունեն նորարարական միտք, ովքեր ցանկանում են որեւէ կերպ կապվել իրենց հայրենիքին, նոր հնարավորություն են փնտրում։ Կարծում եմ, որ սա ուղղակի հրաշալի առիթ է, իսկ ինչու՞ չօգտագործել այդ առիթը։ Եվ այստեղ գտնվող մեր հայրենակիցները, ովքեր իրենց համարձակությունը դրսեւորել են եւ որոշել են գալ Հայաստան եւ դիմել այս ծրագրին, եւ նրանցից այն հաղթողները, ովքեր հնարավորություն կունենան ապրել եւ ստեղծագործել Հայաստանում, հրաշալի առիթներ են ունենալու այստեղ զարգանալու, հզորանալու եւ սփյուռքի մեր հայրենակիցներին նորից քաջալերելու, որ գան Հայաստան»,- նշել է նախարարը։

Մասնակիցներին ողջունել է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նա խոսել է այն մասին, որ Հայաստանը պետք է լինի կյանքի համար լավագույն վայրը եւ Հայաստանը պետք է լինի աշխարհի ամենաառաջավոր երկրներից մեկը։

«Հաջողության հասնելու համար չենք կարող չօգտագործել յուրաքանչյուր գյուղի բնակչի հնարավոր ներուժը։ Մեր երեխաների համար պետք է պարարտ պայմաններ ստեղծենք չուրաքանչյուր գյուղում իր տաղանդը դրսեւորելու համար»,- ընդգծել է մարզպետը։

«Ներուժ» ծրագիրը կտեւի 4 օր, որի ընթացքում արտերկրից ժամանած երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալ եւ շփվել հայկական ստարտափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում եւ ուղղորդում հայաստանյան եւ միջազգային փորձագետների կողմից եւ վերջում ներկայացնել իրենց ստարտափը միջազգային եւ տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի առաջ՝ մրցանակային ֆոնդից դրամաշնորհ ստանալու նպատակով:

Մրցանակային ֆոնդը կազմում է 80 մլն դրամ, որից ստարտափներին կտրամադրվեն $15-30 հազ. համարժեք դրամաշնորհներ: Այս ամենից բացի՝ ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները եւ նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու եւ գլոբալ շուկաներ դուրս գալու համար:

Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) եւ Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.):

Անցյալ տարի նույն ծրագրով հաղթող եւ պետական դրամաշնորհի արժանացած երեք ստարտափները՝ «Brushette», «Grüv» եւ «Storegear», մեկ տարվա ընթացքում իրենց բիզնեսը գրանցել են Հայաստանում եւ ստեղծել են 14 նոր աշխատատեղ: