11:08 | 05.11.19 | Նորություններ | 4646
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին եւ տնօրեն Հովիկ Մուսայելյանին:
Հյուրերը նախագահին տեղեկություններ են ներկայացրել «Սինոփսիս Արմենիա»-ի առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին:
Չի-Ֆուն Չանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում նախատեսում է լինել Գյումրիում, որտեղ մտադիր են «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաճյուղ հիմնել: Նշվել է, որ ընկերությունն արդեն իսկ սկսել է կրթական եւ վերապատրաստման ծրագրեր իրականացնել ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, այնպես էլ այլ բուհերի հետաքրքրված ուսանողների ու շրջանավարտների համար՝ հետագայում նրանց ընկերությունում ներգրավելու նպատակով:
«Սինոփսիս-Արմենիան»-ն մեծ փոփոխություններ ու առաջընթաց է ունեցել վերջին տարիներին, շատ առաջատար ծրագրեր են մշակվել այստեղ: Այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք մեր գործունեությունը ծավալել նաեւ Գյումրիում»,- ասել է Չի-Ֆուն Չանը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց մտադրություններն ու հաջողություն մաղթել ընկերությանը: Նա նշել է, որ Գյումրին իսկապես հետաքրքիր ու ճիշտ վայր է նման նախագծերի իրականացման համար:
«Գյումրին արվեստի եւ վարպետների քաղաք է, այն ունի հիանալի, տաղանդավոր բնակիչներ եւ զարգացման մեծ ներուժ: Մենք փորձում ենք վերակենդանացնել, աշխուժացնել քաղաքը, եւ ուրախ ենք, որ «Սինոփսիս»-ը սկսել է աշխատել այնտեղ»,- ընդգծել է նախագահը՝ հավելելով, որ Գյումրիի պատմական ժառանգության պահպանությունն իր ուշադրության կենտրոնում է, եւ նախագահական նախաձեռնություններից մեկը նվիրված է հենց քաղաքի պատմական միջուկի պահպանմանն ու զարգացմանը:
Նա հյուրերին ներկայացրել է նաեւ նախագահական մեկ այլ նախաձեռնության՝ գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագրի մասին՝ նշելով, որ ի թիվս այլ խոշոր ընկերությունների, ուրախ կլինեն ծրագրի շրջանակում համագործակցել նաեւ «Սինոփսիս»-ի հետ: