Հովիկ Մուսայելյանը
10:55 | 13.12.18 | Հարցազրույցներ | exclusive 34336
Itel.am-ի հարցազրույցը «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ:
- Անցած շաբաթ լուրեր տարածվեցին, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը առաջիկայում կսկսի գործունեություն ծավալել նաեւ Գյումրիում:
- Գյումրիում մասնաճյուղ բացելու պլաններ դեռեւս չկան, ժամկետների մասին եւս խոսք չի գնացել:
Ցանկանում եմ ընդգծել, որ «Սինոփսիս»-ի նման վերազգային ընկերությունում յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ իրականացվում է լրջագույն մոնիթորինգ: Ուսումնասիրվում է ինչպես տարածաշրջանը, այնպես էլ ենթակառուցվածքներն ու ներուժ ունեցող ոլորտները: Միայն դրանից հետո է վերջնական որոշում կայացվում: Երբ վերջնական որոշումը կայացվի, այդ ժամանակ էլ կարող ենք խոսել հետագա կոնկրետ անելիքների մասին:
«Սինոփսիս»-ը գլոբալ ընկերություն է. որեւէ հայկական ազդեցություն ընկերության մենեջմենթում չկա: Այստեղ զուտ բիզնես շահեր են, եւ եթե այդ բիզնես շահերը վաղը համընկնեն նաեւ Գյումրիի հետ, մենք շատ ուրախ կլինենք: Մեր ընկերությունում աշխատում են շատ գյումրեցիներ, որոնք եւս կարող են շատ օգտակար լինել այդ հարցում:
Այո, կան հետաքրքրություններ Գյումրիի Պոլիտեխնիկի եւ այլ համալսարանների նկատմամբ: Մենք միշտ պատրաստ եւ բաց ենք համագործակցել տեխնիկական ուղղվածությամբ համալսարանների հետ:
Գյումրին, ի ուրախություն բոլորիս, այս տարիների ընթացքում նոր շունչ է ստանում: Կան բոլոր նախադրյալները, որպեսզի Գյումրին նաեւ մարզային տեխնոլոգիական կենտրոն դառնա: Մենք՝ լինելով «Սինոփսիս»-ի բիզնես գործառույթների պատասխանատուն Հայաստանում, ուրախ կլինենք անուղղակի ձեւով նպաստել Գյումրիում ՏՏ ոլորտի զարգացմանը:
Հաճախ լինում ենք Գյումրիում եւ չի բացառվում, որ մոտ ապագայում լսեք որեւէ համագործակցության մասին:
- Այնուամենայնիվ, որքանո՞վ է «Սինոփսիս»-ին հետաքրքրում Հայաստանի մարզերում ներկայություն ունենալու հեռանկարը:
- «Սինոփսիս»-ը հետաքրքրված է բոլոր տարածաշրջաններով, որտեղ կարելի է բիզնես վարել, եւ խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում: Մեզ հետաքրքիր են տարածաշրջաններ, որտեղ կադրերի պատրաստման լուրջ մեխանիզմներ կան: Երբ դրա հիման վրա արդեն ձեւավորվում է տեխնոլոգիական կրթական լուրջ մակարդակ, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք արդեն կան մասնագետներ, որոնք կարող են տեղում ընկերության բիզնես գործառույթներն իրականացնել:
«Սինոփսիս»-ին Հայաստանը հետաքրքրել է վաղուց, այդ իսկ պատճառով 2004թ. ընկերությունը մուտք գործեց Հայաստան: Պոլիտեխնիկի հետ սկսեցին իրականացվել համատեղ կրթական ծրագրեր, ինչը շատ լուրջ ազդակ էր, որպեսզի ընկերությունը հետաքրքրված լինի որակյալ կարդերի պատրաստմամբ: Հետագայում այդ ծրագիրն ավելի ընդլայնվեց, ամբիոններ բացվեցին ԵՊՀ-ում, Սլավոնական համալսարանում, Եվրոպական ակադեմիայում եւ այլն: Այս տարիների ընթացքում որակյալ կադրերի պատրաստման լայնամասշտաբ գործընթաց ենք իրականացրել: Պատահական չէ, որ մեր նախկին աշխատակիցների մոտ կեսը մեր նախկին ուսանողներն են:
Գյումրիում ինչպես գիտեք գործում է Պոլիտեխնիկի մասնաճյուղը եւ, միեւնույն ժամանակ, այնտեղ նաեւ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ կան: Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Գյումրիի մասին խոսելիս ի նկատի ունենք ոչ թե Աղետի գոտին, այլ այն պատկերացնում ենք որպես տեխնոլոգիական կենտրոն:
Սոցիալական լրջագույն խնդիրները կարելի է լուծել ՏՏ ենթակառուցվածքների զարգացմամբ, որտեղ թե կրթական մակարդակի բարելավումներ կլինեն, թե ստարտափ ընկերություններ կբացվեն: Այս առումով Գյումրին բավական մեծ առաջընթաց է գրանցել:
Պոլիտեխնիկի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնը գործում է «Սինոփսիս Արմենիա»-ում՝ Երեւանում, եւ մենք հետաքրքրված ենք նաեւ Պոլիտեխնիկի մյուս մասնաճյուղերում իրականացվող գործառույթներով եւ չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում կրթական ծրագրեր կիրականացնենք Գյումրիի Պոլիտեխնիկում եւ որակյալ կադրեր կթողարկենք: Երբ որակյալ կադրեր լինեն, նրանց հարկավոր կլինեն աշխատատեղեր. մենք խնդիր չենք դնում, որ մասնագետները Գյումրիից գան Երեւան՝ աշխատելու նպատակով:
Հովիկ Մուսայելյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը