17:36 | 30.10.19 | Նորություններ | 10140

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է Գնիշիկի ոռոգման ջրի խնդիրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, երկամյա ծրագրով լուծել են սահմանամերձ Գնիշիկի ոռոգման ջրի խնդիրը:

2018-2019թթ. ընթացքում, զրոյից կառուցվել է ոռոգման արդյունավետ համակարգ, որի գործարկումից հետո ջուրն առանց հոսակորուստի հասնում է գյուղացուն: Ջուրը ներքին ցանցով գյուղի սկզբնամասից մատակարարվում է յուրաքանչյուր տուն կամ տնամերձ այգի: Նոր ներքին ցանցը հնարավորություն է տալիս նաեւ կարգավորել ջրի հոսքն ու այն օգտագործել ըստ անհրաժեշտության եւ առաջնահերթության՝ կարգավորելով բաժանման հանգույցների եւ անհատական փականների միջոցով:

2019թ.-ին, Գնիշիկի հանդիպակաց լեռան ստորոտում կառուցվել է 500մ երկարությամբ նոր ջրատար` ջրի քանակն ավելացնելու համար: Ջուրն աղբյուրից ինքնահոսով հասցվել է բնակավայր եւ միացվել հիշյալ ոռոգման ներքին ցանցին: Արդյունքում, բնակավայրի ստորին հատվածի տնամերձ հողակտորները կարող են ոռոգվել շուրջօրյա, իսկ ջրի նախկին աղբյուրից կօգտվեն համայնքի բարձրադիր հատվածներում գտնվող տնամերձ հողակտորները:

Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է մոտ 1500մ երկարությամբ ջրագիծ, երեք բաժանարար հանգույց եւ անհատական միացման 25 կետ:

«Եթե ցանկանում ենք օգնել գյուղացուն, ապա պետք է նրա համար ստեղծենք ապրելու եւ հողի հետ աշխատելու հնարավորություն: Առավել եւս՝ սահման պահողների համար: Մենք գիտակցում ենք դա ու նաեւ այն, որ այդ ամենի համար անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլեւ համբերություն, ճիշտ պլանավորած աշխատանք, նվիրում ու ջանքեր: Տարիներ առաջ, այս բնակավայրում չկային ենթակառուցվածքներ եւ կենցաղավարության տարրական պայմաններ: Ուրախ եմ արձանագրել, որ համատեղ ջանքերի արդյունքում, մեզ հաջողվել է լուծել կարեւոր հարցեր: Մենք դրան հասել ենք տարիների ընթացքում, որպեսզի սահմանամերձ հերթական գյուղն ապրի առավել հանգիստ կյանքով: Ուզում եմ հավատալ, որ այս ցանկությունը լիարժեք իրատեսական հիմքեր ունի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երկամյա ծրագրի արդյունավետությունն զգում են նաեւ Մոզրով բնակավայրի բնակիչները: Տարիներ շարունակ, Մոզրովի ընդհանուր օգտագործման ջրագիծը ծառայել է նաեւ գնիշիկցիների այգիների ոռոգման համար՝ խնդիր ստեղծելով հարեւան բնակավայրում: Այժմ կարգավորվել է նաեւ այդ խնդիրը: Գնիշիկի այգեգործության համար լիովին բավարար ջուր կա: Ավելին, այդ նպատակով Մոզրովի ջրագծից սպառվող ջրի քանակը կրճատվել է շուրջ 70%-ով: Մոզրովի ջրամատակարարման համակարգը նույնպես բարելավելու նպատակով՝ գործընկեր կառույցներն իրականացնում են եւս մեկ ծրագիր: Աշխատանքներն ընթացքում են: Նախատեսվում է դրանք ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ:

Ի դեպ, կայացել է նաեւ «Գնիշիկ այցելուների կենտրոնի» (Gnishik Visit Center) բացման արարողությունը, որը կառուցել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ (FPWC) , ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «World Land Trust» կազմակերպության եւ FPWC-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայգ Բալյանի աջակցությամբ։ Կենտրոնը կարեւոր դեր կունենա համայնքի զարգացման, էկո-զբոսաշրջության ակտիվացման, կենսաբազմազանության պահպանման եւ գիտական աշխատանքներ կատարելու առումով:

Այցելուների կենտրոնում կգործի նաեւ հայ բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի անվան գրադարանը, որի հիմնական ուղղվածությունը կլինի բուսական աշխարհը եւ դրան վերաբերվող ուսումնասիրությունները։ Քանի որ համայնքն ունի հարուստ կենսաբազմազանություն Կենտրոնի հիմնական նպատակներից է հայկական բնաշխարհի յուրահատուկ տեսակների ուսումնասիրմանն ու պահպանությանը նպաստելը՝ տարածքում ներգրավելով նաեւ օտարերկրյա ուսանողներ եւ ոլորտի մասնագետներ։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Հինգ տարվա ընթացքում, համագործակցության շնորհիվ՝ հաջողվել է լուծել բնակավայրի խմելու եւ ոռոգման ջրի, լուսադիոդային (LED) համակարգով գործող՝արտաքին լուսավորության եւ գյուղտեխնիկայի բացակայության խնդիրը: