16:23 | 30.10.19 | Նորություններ | 2888

«Ծրագրավորման ժամ» միջոցառումը կմիավորի հայաստանյան բոլոր դպրոցներին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն այս տարի ընդլայնում է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը՝ այն հասանելի դարձնելով բոլոր հետաքրքրված հանրակրթական դպրոցներին։

Միջոցառման նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորման տրամաբանությանը, նրանց համար բացահայտել ծրագրավորման հիմնական հասկացությունները, օգնել գրել տարբեր խնդիրների լուծումներ կոդի տեսքով։ Այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ:

Hour of Code-ը միջազգային ձեւաչափի միջոցառում է եւ իրականացվում է աշխարհի 180-ից ավել երկրներում եւ նպատակն է ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքներ։

2013թ․ից սկսած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը տարբեր գործընկերների հետ կազմակերպում է այս միջոցառումը եւ տարեցտարի մեծացնում է միջոցառման աշխարհագրությունը՝ ներառելով նոր դպրոցներ, համայնքներ եւ մասնակիցներ։

«Ամեն տարի մենք փորձում ենք «Ծրագրավորման ժամ» միջոցառման շրջանակում ներգրավել նոր դպրոցներ, որպեսզի այն վերածվի համահայաստանյան շարժման։ Սկզբնական շրջանում դպրոցներին պետք է օգնել եւ աջակցել ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային հարցերում, որպեսզի հետագայում նրանք ունենան այդ կարողությունը՝ միջոցառման շարունակականությունն ապահովելու համար»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Միջոցառմանն արդեն իսկ միացել են երեւանյան 3 դպրոց, որոնք դեկտեմբերի 14-15-ին մասը կդառնան միջազգային այս միջոցառման։

«Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով եւ ցանկանում են բացահայտել, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագրավորումը։ Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Հետաքրքրված դպրոցները կարող են միանալ միջոցառմանը՝ կապ հաստատելով Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի գրասենյակի հետ mic@mic.am էլ․ հասցեով կամ զանգահարելով (010) 545 -343 հեռախոսահամարով։