11:57 | 30.10.19 | Նորություններ | exclusive 11020

Raiser. HR կառավարման «մարդակենտրոն» համակարգ Volo-ից

 

Հայկական Volo ՏՏ ընկերությունը մշակել է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ, որն ավտոմատացնում է ոչ միայն ոլորտի մասնագետների, այլեւ աշխատակիցների առօրյա աշխատանքային գործընթացները:

Raiser ամպային լուծումը, որի մշակման ուղղությամբ ընկերության 20 հոգանոց թիմն աշխատել է շուրջ 2 տարի, այսօր փորձնական կիրառվում է չորս հայկական կազմակերպություններում:

Volo-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանի խոսքով, ներկայում պատրաստ է համակարգի MVP (նվազագույն կենսունակ պրոդուկտ) տարբերակը, իսկ արդեն 2020թ. համակարգը պաշտոնապես կհայտնվի շուկայում:

«Վերջին երկու տարում լուրջ ուսումնասիրություն է կատարվել թիմի կողմից՝ շուկայում գոյություն ունեցող խաղացողների շրջանում: Այն, ինչ ունենք այս պահին, որոշ մոդուլների դեպքում արդեն գերազանցում է մրցակից լուծումներին: Այս լուծման կարիքն իրոք առկա է ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական շուկայում, քանի որ ընկերություններն ակտիվ փնտրտուքի մեջ են՝ իրենց HR բաժիններում նման համակարգեր ինտեգրելու նպատակով»,- նշել է Արմեն Քոչարյանը:

Volo-ի գրասենյակում Volo-ի գրասենյակում
photo © Itel.am

Raiser համակարգում առկա են հետեւյալ գործառույթները՝

Աշխատակիցների տվյալների բազա՝ աշխատակիցների ամբողջական պրոֆիլների եւ նրանց փաստաթղթերի վարում, կազմակերպության «ծառ» եւ այլն:

Արձակուրդների կառավարում՝ աշխատակիցների կողմից արձակուրդների հայտերի ուղարկում, արձակուրդների հայտերի հաստատման գործընթացների վարում՝ HR մասնագետների կողմից, հաստատման custom պրոցեսներ ստեղծելու հնարավորություն, արձակուրդների մնացորդների հաշվարկ եւ այլն:

Հավաքագրում (Recruitment)՝ հավաքագրման ամբողջական գործընթացի վարում ՝ սկսած հավաքագրման հայտի ներկայացումից մինչեւ թեկնածուի onboarding, աշխատանքային հայտարարությունների ստեղծում եւ վարում, դիմորդների ամբողջական բազա, հավաքագրման custom քայլաշարերի եւ հաստատման գործընթացների կոնֆիգուրացման հնարավորություն եւ այլն:

Նախագծերի կառավարում՝ ռեսուրսների պլանավորում, նախագծերի ստեղծում, աշխատակիցներին տարբեր նախագծերում տեղաբաշխելու հնարավորություն, ժամատախտակների ստեղծում եւ կառավարում:

Կոնֆիգուրացիաներ եւ կարգավորումներ՝ ընկերության պրոֆիլի ստեղծում, տարբեր մասնաճյուղեր ունեցող ընկերությունների կառուցվածքի կառավարում, ընկերության աշխատանքային շաբաթվա եւ օրացույցի վարում, custom հաստատման քայլաշարեր ստեղծելու հնարավորություն եւ այլն:

Արմեն Քոչարյանի խոսքով, համակարգի բիզնես-փիլիսոփայության հիմքում ընկած է մարդը, նրա կարիքներն ու դրսեւորումները կորպորատիվ միջավայրում:

Volo-ի գրասենյակում Volo-ի գրասենյակում
photo © Itel.am

«Volo-ն գիտակցում է, որ աշխատանքի հիմքում մարդիկ են: Հազարավոր հարցազրույցների արդյունքում հասկանում ես, որ մարդիկ ցանկանում են փոխել իրենց աշխատանքը, քանի որ հոգնել են, նոր բան են ուզում սովորել, աճել: Ինքներս մեզ հարց էինք տալիս՝ ինչպես անել, որ մարդուն իր աշխատանքը եւ միջավայրը հետաքրքիր լինեն, նոր բաներ սովորի: Փորձում էինք գտնել համակարգ, որը ոչ թե միայն HR մասնագետների համար է, այլեւ ողջ թիմի:

Raiser անունը դրել ենք անգլերեն raise (աճել) բառից: Ծրագրի նպատակն է առավելագույնս ներգրավել աշխատակիցներին, հնարավորություն տալ նրանց բացահայտել իրենց կարողությունները՝ նպաստելով աշխատանքային միջավայրում մարդկային հարաբերությունների բարելավմանը»,- ընդգծել է Արմեն Քոչարյանը:

Raiser-ը, Volo-ի հիմնադրի խոսքով, թեթեւ լուծում, է, որը միաժամանակ փակում է HR հարթակի բոլոր հիմնական գործառույթները: Թիրախում մինչեւ 500 աշխատակից ունեցող ընկերություններն են:

Volo-ի գրասենյակում Volo-ի գրասենյակում
photo © Itel.am

«Այսօր աշխարհը փոխվում է: Հզոր են այն ընկերությունները եւ երկրները, որոնք ունեն տաղանդավոր անհատներ: Եթե կենտրոնանում ես մարդու շուրջ, ապա ձեւավորում ես տաղանդ, եթե կենտրոնանում ես պրոցեսի կամ համակարգի շուրջ, ստեղծում ես, այսպես ասենք, գործարան: Այդ իսկ պատճառով, մենք կենտրոնանում ենք մարդու վրա, քանի որ, մեր կարծիքով, ուժեղ կազմակերպությունները մարդակենտրոն են»,- նշել է Արմեն Քոչարյանը:

Volo-ն այս փուլում հետաքրքրված է համագործակցություն սկսել տեղական շուկայի ընկերությունների հետ, իսկ հաջորդ տարի, երբ պատրաստ կլինի լուծման ամբողջական տարբերակը, ընկերությունը դուրս կգա եվրոպական եւ ամերիկյան շուկաներ:

Volo ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին եւ ներկայումս ունի 7 մասնաճյուղ, որոնցից 4-ը գործում են Հայաստանում, իսկ 3-ը՝ Ուկրաինայի տարբեր քաղաքներում:

Նարինե Դանեղյան