14:20 | 29.10.19 | Նորություններ | 5544
Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ կենտրոնը հոկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 14-ը:
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությունը տեղի էր ունեցել դեռեւս 2018 թ. փետրվար – հունիս ամիսներին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ինչպես նաեւ 2019թ.-ին Դիլիջանի միջազգային դպրոցում եւ ԹՈՒՄՈ Գյումրիում: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին եւ նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:
«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական եւ ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այս նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ Հայաստանի մարզերում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաեւ հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն պարոն Արման Ծատուրյանին՝ համագործակցության համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մեծ եւ կարեւոր գործ է անում՝ աջակցելով երիտասարդներին արվեստի ոլորտում առաջին քայլերն անելու հարցում: Շատ կարեւոր է, որ այդ գործը չսահմանափակվի Երեւանով ու Հայաստանի այլ մարզերն էլ ներգրավված լինեն այս գործընթացներում, թե՛ որպես մասնակից, թե՛ որպես հանդիսատես: Մենք էլ ուրախ ենք այս ամենին մաս կազմել եւ մեր ուժերի չափով աջակցել երիտասարդ արվեստագետների աճին ու զարգացմանը»,- ընդգծել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: