15:28 | 25.10.19 | Նորություններ | 9347

Ucom-ի նորաբաց վաճառքի եւ սպասարկման կենտրոնը կգործի «Մեգամոլ Արմենիա»-ում

Հոկտեմբերի 25-ին Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում պաշտոնապես բացվել է Ucom ընկերության վաճառքի եւ սպասարկման նոր կենտրոնը, որն այդ թաղամասում տարիներ շարունակ գործող մասնաճյուղից կրկնակի մեծ է եւ ընդարձակ:

«Այն սմարթֆոնների, աքսեսուարների եւ գաջեթների ամենամեծ տեսականիով Ucom-ի սպասարկման կենտրոնն է։ Հենց այս մասնաճյուղում է ներկայացված նորարարական սարքավորումների ամենամեծ տեսականին, այդ թվում՝ էլեկտրական հեծանիվն ու ինքնագնացները, ռոբոտը, դրոնները, օգտատերերին վիրտուալ իրականություն տեղափոխող սարքերը։

Հաճախորդների մեծ հոսքի պարագայում սպասարկումն ավելի արագ իրականացնելու համար նորաբաց մասնաճյուղում ավելացվել են սպասարկման սեղանները։ Հաճախորդների փորձառության բարելավման, ցանկալի ապրանքն ավելի հեշտ գտնելու եւ տարածքում կողմորոշվելու նպատակով իրականացվել է հստակ զոնավորում։

Ucom-ի պաշտոնական գործընկեր Apple-ի արտադրանքը նախընտրողներն անմիջապես կնկատեն iPhone-ների եւ Apple աքսեսուարների համար առանձնացված հատվածը։ Հավելենք նաեւ, որ հաճախորդների հարմարավետության համար ստեղծվել են բոլոր պայմանները․ սպասելու հատվածում ի լրումն սմարթֆոնների լարով լիցքավորման հնարավորությանը, կա նաեւ անլար լիցքավորման հնարավորություն»,- ասված է հաղորդագրությունում:

«Տեխնոլոգիական նորույթները գնահատողներին առաջարկում ենք ուսումնասիրել այս սպասարկման կենտրոնում հատուկ առանձնացված Smart Home` «Խելացի տուն» զոնան։ Այստեղ ներկայացված են տան համար խելացի այնպիսի լուծումներ, ինչպիսիք են՝ ջերմաստիճանի եւ խոնավության կարգավորման տվիչները (սենսորները), անվտանգության տեսախցիկները, LED լամպերը եւ այլն: Առաջին անգամ հենց այս սրահում ենք մեկնարկում սմարթ հեռուստացույցների վաճառքը»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բացման միջոցառմանը հրավիրվել են Երեւանի Նոր Նորք համայնքի՝ Ucom-ի ֆիքսված եւ շարժական ծառայություններից օգտվող առաջին 10 հավատարիմ բաժանորդները, ովքեր արժեքավոր նվերներ են ստացել Ucom ընկերությունից՝ նորագույն Xiaomi Mi A3 սմարթֆոններ ու անլար ականջակալներ (AirDots), ինչպես նաեւ UcomPremier Black քարտեր, որոնք մի շարք առավելություններ են տալիս Ucom-ի բաժանորդներին։