11:41 | 25.10.19 | Նորություններ | 8444
Սպիտակում բնակվող Մելոյանների ընտանիքը տարեսկզբին դարձել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շահառու:
Ընտանիքը 30 տարի անցկացրել է գլանաձեւ, մետաղական վագոն-տնակում:
«Մեր գործընկերությունը «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ՝ երկար տարիների պատմություն ունի: Այդ ընթացքում, մեզ հաջողվել է հույս եւ ապագայի լավատեսություն փոխանցել շատ ընտրանքների: Իսկ այն, ինչ արձանագրել ենք՝ հետաքրքիր է եւ հուզիչ. այս մարդիկ, շատ հաճախ իրենց ուրախությունն արտահայտում են շատ զուսպ եւ հանգիստ: Տարիների դժվար կյանքը նրանց ստիպել է «հարմարվել» այդ վիճակին, իսկ ուրախությունը դիմավորել հանգիստ, առանց ավելորդ զգացմունքայնության: Հաճելի է արձանագրել, որ եւս մեկ ընտանիք հաղթահարեց տարիների խնդիրը: Յուրաքանչյուրի ոտքի կանգնելու փաստը մեզ ոգեւորում է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, Հայաստանի բոլոր մարզերում տարիներ շարունակ իրականացվող բնակարանաշինության ծրագրով, աջակցություն է ստացել վագոն-տնակներում, կիսակառույցում կամ նկուղում բնակվող ավելի քան 200 ընտանիք:
Ծրագրի իրականացման համար միայն 2019թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ներդրվել է 109 մլն դրամ:
«Մեր գլխավոր նպատակն ու առաքելությունն է մեր ուժերի ներածին չափով օգնել այն ընտանիքներին, որոնց նկատմամբ կյանքն ավելի խիստ է եղել: Այս ընտանիքի կյանքում պատմությունը կարող էր կրկնվել. ընտանիքի հոր՝ Սերյոժայի մանկությունն անցել էր վագոն տնակում, ու հիմա նրա երեխաներն էին այնտեղ մեծանում: Ուրախ եմ, որ վերջապես կտրվեց այդ արատավոր շղթան: Յուրաքանչյուր ընտանիք պիտի տանիք ունենա գլխավերեւում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը: