11:49 | 24.10.19 | Նորություններ | 8681
Beeline ստարտափ ինկուբատորի թիմն արդեն սկսել է ակտիվ աշխատանքները 5-րդ շրջափուլի 5 ռեզիդենտ ստարտափների հետ: Ինտենսիվ դասընթացների, թեմատիկ հանդիպումների եւ անհատական աշխատանքների շնորհիվ ռեզիդենտ ստարտափներն արդեն իսկ ունեն զգալի հաջողություններ։
Խոշոր ձեռքբերումներից առաջինը հոկտեմբերի 2-ին Forge Fiction ստարտափում համատեղ ներդրումն էր, որը կատարեցին Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia - BANA), SmartGateVC վենչուրային ֆոնդը եւ Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (Science and Technology Angel Network - STAN)։
Երկրորդ զգալի հաջողությունը գրանցվել է «WCIT 2019»-ի շրջանակում։ ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երեւանում անցկացվող «Lightning Rounds» ստարտափ մրցույթի ընթացքում 6 հաղթողներից 2-ը 5-րդ շրջափուլի ռեզիդենտ ստարտափներն էին։ Ժյուրիի գնահատականների արդյունքում 3 առաջին հորիզոնականներից մեկը գրավելէ ForgeFiction-ը՝ $25.000 մրցանակով, իսկ 3 երկրորդ տեղերից մեկը՝ GebeCert-ը $10.000 մրցանակով։ Հաղթող թիմերի համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել էր «Armenian Tech Community Prize» մրցանակը։
Մեր ինկուբատորի համար ծայրահեղ կարեւոր է ոչ միայն մասնակիցներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցել, այլ ամեն հնարավոր կերպ աջակցել նրանց առաջխաղացմանը: Այդ իսկ պատճառով նման մեծ հաջողություններն այդպիսի հեղինակավոր միջոցառումներին մենք մեր անձնական հաջողությունն ենք համարում: Բնականաբար, մենք շարունակելու ենք մեր թիմերին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսների օգնությամբ նպաստում է ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովելով ստարտափների համար ներդրման հնարավորություն եւ ելք միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են թեմատիկ հանդիպումներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից եւ ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։