14:36 | 30.09.19 | Նորություններ | 8975

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Արփի գյուղում նոր փողոցներ կլուսավորվեն

Վայոց ձորի մարզի Արփի գյուղի երկրորդական փողոցները, որոնք վայրի կենդանիների «թիրախում» են հայտնվել մթության պատճառով, կլուսավորվեն:

Գյուղի գլխավոր փողոցը՝ գրեթե 2 կմ հատված, լուսավորվել է նախորդ տարի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցության շնորհիվ: Գործընկերներն այստեղ տեղադրել են 51 LED լուսարձակ: Մեկնարկել են ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները: Եվս 60 լուսատու անհրաժեշտ կլինի՝ գյուղի չորս փողոց լուսավորելու համար: Արդյունքում կլուսավորվի 2250 մ երկարությամբ տարածք: Կլուծվեն կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրի անվտանգության եւ համայնքային բյուջեի միջոցների խնայողության խնդիրները:

«Հեռավոր գյուղերում իրականացվող ծրագիրը միշտ դիտարկվել է էներգախնայողության, տնտեսապես արդյունավետ լինելու, քաղաքակիրթ պայմաններ ապահովելու եւ բնապահպանական տեսանկյունից: Անվտանգության թեման եւս շոշափվել է եւ ոչ՝ պատահական: Սահմանամերձ գյուղերում կա հակառակորդի վարքագծից, իսկ մյուս բնակավայրերում՝ կենդանիների հարձակումներից պաշտպանվելու խնդիր: Այս ամենն ապահովելու համար, ենթադրվում է, որ գյուղը պետք է լուսավորված լինի գոնե 80 %-ով: Իսկ դա, իր հերթին՝ ավելի մեծ ծրագիր: Շատերին հասնելու նպատակով՝ մենք խնդիրը հաճախ լուծում ենք մի քանի տարվա ընթացքում. նախ՝ գլխավոր, ապա երկրորդական փողոցները լուսավորելով: Կարեւոր է զգալ, որ այդ ամենը ծառայում է նպատակին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործընկեր կառույցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթանում են խնդրի բացահայտման, պլանավորման եւ իրականացման աշխատանքներ: